Սլովակիայի նախագահը Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը
2 րոպեի ընթերցում
![Սլովակիայի նախագահը Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/921019.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ ձեւավորվել են կառուցողական, փոխըմբռնման եւ երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության վրա հիմնված կապեր: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել քաղաքական երկխոսության առկա մակարդակի առնչությամբ` այս համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը, օրենսդիրների հաճախակի փոխայցերը: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-սլովակյան հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում:
Արա Բաբլոյանը արժեվորել է Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, ինչպես նաեւ նման հանցանքների կանխարգելման հարցում առանձնակի կարեւորել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելը:
Սլովակիայի Հանրապետության նախագահ Անդրեյ Կիսկան, բարձր գնահատելով երկկողմ համագործակցության մակարդակը, նշել է, որ դրանք առավել զարգացնելու եւ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու մեծ ներուժ կա:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, տարածաշրջանային խնդիրներին, տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին եւ այլ հարցերի: