Գյումրիում տեղի ունեցավ զինվորական շքերթ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում տեղի ունեցավ զինվորական շքերթ: Ցուրտ եղանակը նույնիսկ չխանգարեց Շիրակի կայազորի հակատանկային-հրետանային զորամասի զինվորներին ցուցադրելու այն հմտությունները, որ ձեռք են բերել ծառայության ընթացքում:

Հայոց մարտունակ բանակում ծառայելու հպարտություն նրանցից յուրաքանչյուրն ուներ. յուրաքանչյուր հայի համար է հայոց բանակն ազգային հպարտություն, որի ուժի ու մարտունակության շնորհիվ պահպանվում է խաղաղությունը:

Հայոց բանակին տոնի առթիվ շնորհավորեցին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն, ով տոնական միջոցառումներին մասնակցում էր որդու հետ, շնորհավորեց բոլորին` մեր երկրին մաղթելով առաջընթաց ու նորանոր հաջողություններ. «Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի ձևավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր բանակը մեր ազգի, պետության և մեր երեխաների գոյության ու ապագայի միակ գրավականն է: Մենք չենք ունեցել բանակ, չենք ունեցել նաև պետականություն, որպեսզի այդ դժնդակ օրերը ետ չգան, մենք պետք է ամեն գնով փայփայենք ու խնամենք, սիրենք ու պաշտենք մեր բանակը: Միշտ պետք է հիշենք, որ այն ազգը, որը չի պահում իր բանակը դատապարտված է պահելու թշնամու բանակը: Մենք պետք է խոնարհվենք բոլոր նրանց առջև, ում շնորհիվ արշալույսները մեզ մոտ խաղաղ են բացվում: Փառք հայոց բանակին»:

«Հայաստանի անկախության օրվանից ի վեր, մեր երկրի ձեռքբերումներից մեկն ազգային բանակի կայացումն է, որի ակունքներում կանգնած են Արցախյան ազատագրական պայքարի տարիներին ձևավորված կամավորական ջոկատները, որոնք հետագայում դարձան Հայոց բանակի հիմնասյունը: Հայկական զինուժը մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանն է»,-շնորհավորելով զինվորներին ու ողջ հայ ազգին` նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Տեղի ունեցան մարտական իրավիճակների ցուցադրություն ու մարզական խմբակների ցուցադրական ելույթներ: Հրապարակում բոլոր ցանկացողները հնարավորություն ստացան ծանոթանալու նաև զինտեխնիկայի որոշ տեսակների հետ ու օգտվելու զինվորական դաշտային խոհանոցից:

Օրվա ընթացքում, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, երկրապահ կամավորները, այցելեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն, մասնակցեցին Արցախյան հերոսամարտում ու ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների շիրիմներին պսակադրման և ծաղկեդրման արարողության:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը