Պաշտոնական

Պետության սոցիալական ռազմավարության կենտրոնում մարդն է. Արա Բաբլոյան

3 րոպեի ընթերցում

Պետության սոցիալական ռազմավարության կենտրոնում մարդն է. Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 27-ին մասնակցել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողովին, որը նախաձեռնել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով մասնակիցներին` խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարքում շատ կարեւոր են սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները:

Արա Բաբլոյանը կարեւորել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որի նպատակը երկրում դրանց ավելի մատչելի եւ հասցեական դարձնելն է:

«Պետության սոցիալական ռազմավարության կենտրոնում մարդն է, հետեւաբար, յուրաքանչյուր բարեփոխման թե՛ թիրախը, թե՛ հասցեատերը քաղաքացին է: Սա նշանակում է, որ կատարվող քայլերը պետք է լինեն կշռադատված եւ հստակ, հատկապես, երբ վերաբերում են չափազանց զգայուն սոցիալական ոլորտին»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Ըստ ԱԺ նախագահի` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի նպատակն է բացահայտել տվյալ ընտանիքի խնդիրները, ճանաչել, գնահատել կարիքները եւ առաջարկել համարժեք սոցիալական ծառայություններ: Այսինքն՝ օգնել հենց այն քաղաքացուն, որն իրականում կարիքավոր է, եւ ծառայությունները մատուցել՝ ըստ անձի գնահատված կարիքների:

«Ես սա ասում եմ որպես մարդ, ով անմիջականորեն եւ գործնականում է առնչվել այս ինստիտուտի ձեւավորմանը, ով ավելի քան 25 տարի առաջ ստեղծելով համապատասխան բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություն՝ առաջին անգամ բժշկական հաստատությունում ներդրեց սոցիալական աշխատողի ինստիտուտը»,- նշել է Արա Բաբլոյանը:

Կարեւորելով սոցիալական աշխատողի դերը` ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ աստիճանաբար մարդկանց մեջ ավելի է արմատավորվում այն մտածողությունը, որ սոցիալական աշխատողը նյութական օգնություն բաժանող չէ: Նա կոչված է համակողմանիորեն ուսումնասիրել ընտանիքի կարիքները, լսել մարդկանց եւ կազմակերպել ընտանիքին դժվարին իրավիճակից դուրս բերելու գործընթաց:

Արա Բաբլոյանը համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծել է, թե որքան կարեւոր է բարեփոխումը, որը համակարգված ձեւով քաղաքացու կյանքի որակի բարձրացմանն է ուղղված: Ըստ նրա` կլինի մեկ վայր, մեկ պատուհան, որտեղ քաղաքացին կստանա բոլոր սոցիալական խնդիրների պատասխանները: Նախարարը կարեւորել է նաեւ մեկ միասնական շտեմարանի ներդրումը՝ նշելով, որ այն գործընթացի կարեւորագույն բաղադրիչներից մեկն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում