Տարածաշրջանային

ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը

2 րոպեի ընթերցում

 ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը նամակ է հղել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ կոչ անելով թուրքական իշխանություններին կյանքի կոչել Սահմանադրական դատարանի որոշումը՝ ազատ արձակելու բանտարկված լրագրողներ Մեհմեթ Ալթանին և Շահին Ալփային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հունվարի 11-ին հրապարակել էր որոշում Ալթանի և Ալփայի վերաբերյալ, համաձայն որի` լրագրողների ազատազրկումն անհամաչափ է և խախտում է մեդիայի և խոսքի ազատության իրավունքը:

Այդուհանդերձ, ավելի ցածր դատարանները մերժել են կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, և լրագրողները շարունակում են մնալ բանտում:

«Սահմանադրական դատարանի որոշումը կատարելու մերժումը խիստ մտահոգության առարկա է, քանի որ այն վերաբերում է երկու անհատների, տվյալ դեպքում լրագրողների ազատ արձակմանը: Սա լրջորեն խախտում է նրանց իրավունքները, այդ թվում և խոսքի ու լրագրողի աշխատանքի ազատության իրավունքը, ինչը պետք է երաշխավորված լինի օրենքով: Ես կոչ եմ անում իշխանություններին կյանքի կոչել Սահմանադրական դատարանի հունվարի 11-ի որոշումը և առանց հապաղման ազատ արձակել լրագրողներ Ալթանին և Ալփային»,- հայտարարության մեջ ընդգծել է Դեզիրը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում