Պաշտոնական

Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը. Արմեն Աշոտյան

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանական վերահսկողությունը կբարձրացնի միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 17-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Այս համատեքստում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավարը ողջունել է հանձնաժողովի նախաձեռնողական գործունեությունը եւ հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը կշարունակի լինել ակտիվ եւ արդյունավետ: Թոմաս Շրապելն ընդգծել է, որ հիմնադրամի հիմնական նպատակը ժողովրդավարության, բարեփոխումների, ինչպես նաեւ հայ-գերմանական երկկողմ կապերի զարգացման խթանումն է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին` կարեւորելով Արեւելյան գործընկերության գագաթանժողովում Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ու հետագա վավերացման գործընթացը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը հանձնառու է խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համապարփակ կերպով իրականացնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթներով իրեն վերահապված լիազորությունները, կարեւորել խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների դերը՝ նշելով, որ այդպիսիք կբարձրացնեն միջազգային պայմանագրերի իրագործման արդյունավետությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված Վերլուծական խորհրդին եւ դրա շրջանակում նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում