Տարածաշրջանային

Գյուլ-Էրդողան տարաձայնությունը խորանում է

2 րոպեի ընթերցում

Գյուլ-Էրդողան տարաձայնությունը խորանում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գործող և նախկին նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբդուլլահ Գյուլի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken պարբերականը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև ելույթի ժամանակ Էրդողանը բացասական է արտահայտվել նախկին նախագահի հասցեին:

«Նախկինում մեր կուսակցության հարկի տակ, իսկ այժմ դրսում գտնվող ոչ ոք իրավունք չունի մեր կուսակցության հետ կապված հայտարարություններ անել: Բոլորը բերանները բացելուց պետք է ուշադիր լինեն, թե որտեղ են եղել»,- հայտարարել է Էրդողանը:

Գյուլի հետ նրա տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, ինչ նախկին նախագահը «խիստ մտահոգիչ» էր անվանել Էրդողանի ստորագրած օրենքը, որը ենթադրում է անձեռնմխելիություն սահմանել բոլոր այն քաղաքացիական անձանց համար, ովքեր ճնշել կամ բռնություն են գործադրել են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների նկատմամբ: Էրդողանը Գյուլի այս հայտարարությունը «վշտացնող» էր անվանել, իսկ Գյուլը պատասխանել էր, որ դա «իմ պարտականությունն է»:

Ի պատասխան այս հայտարարության Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն ասել էր. «Մի դատական գործի շրջանակում միասին ենք ներգրավված եղել: Ինչպես է ստացվում, որ գնում եք և Քեմալի (հեղ.- ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդն է) հետ նույն նավն եք նստում: Ցավալի է»: Իսկ Գյուլն իր հերթին ասել է. «Խոսքի ազատությունը մեր կուսակցության հիմնադրման սկզբունքներից է»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում