Գյումրու քաղաքապետարանում պարգևատրվեցին լավագույն աշխատակիցներն ու գործընկեր կառույցների ներկայացուցիչները
3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանում դեկտեմբերի 28-ին արդեն ավանդական դարձած տարեմուտի հանդիպման ժամանակ պարգևատրվեցին լավագույն աշխատակիցներին:
Տոնական միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի, քաղաքապետարանի ենթակայության և մի շարք այլ կառույցների աշխատակիցները: Ամփոփելով անցնող 2017 թվականը՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը ոլորտ առ ոլորտ առանձնացրեց Գյումրու ձեռքբերումները, իրականացված և հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերն ու անելիքները:
Տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել փողոցաշինության ոլորտում, հիմնանորոգվել են Մադոյան և Ռուսթավելի փողոցները, իրականացվել են փոսային նորոգումներ: Հաջորդ տարի ևս լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում, այդ թվում հիմնանորոգում Հակոբյան, Ղուկասյան, Լևոն Մադոյան, Նեկրասով փողոցներում, Գործարանային նրբանցքում, իսկ Մուշ 2-ում նախատեսվում է հրապարակ կառուցել: Լայնածավալ աշխատանքներ իրականացվելու են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի դրամաշնորհային-վարկային ծրագրով: Երկար տարիներ տնակային պայմաններում գործելուց հետո Գյումրու «Մանկապատանեկան արվեստի կենտրոնը» տեղափոխվեց քարաշեն կառույց:
Այս տարի էլ գյումրեցի մարզիկներն աչքի ընկան իրենց հաղթանակներով՝ Աշխարհի, Եվրոպայի, հանրապետական ու միջազգային ամենատարբեր մրցաշարերում գյումրեցի մարզիկներն ընդհանուր հաշվով կարողացան նվաճել 450 մեդալ: «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում 2017 թվականին քարապատ կառույցների վերածված տնակների անհատույց սեփականաշնորհման 80 որոշումներ արդեն տրվել է: Գործընթացը շարունակական է: Նախորդ տարիների նման այս տարի ևս Գյումրու քաղաքապետարանի կողմից պարբերաբար դրամական օգնություն է տրամադրվել սոցիալապես անապահով ընտանիքներին:
«Տաք ձմեռ» ծրագրի շրջանակներում գումար հատկացվեց տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին: 2017-ին շարունակվեց «Սոցիալական բաղնիք» ծրագիրը, որն իր շարունակությունը կունենա նաև 2018-ին: Քաղաքապետնը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն անհատներին ու կառույցներին, որոնց հետ 2017 թվականին համագործակցել է Գյումրու քաղաքապետարանը: Արմենուհի Մխոյան