Մարզային

Շիրակի մարզի խորհուրդն ամփոփեց տարին

4 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի խորհուրդն ամփոփեց տարին

ԳՅՈՒՄՐԻ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստին՝ դեկտեմբերի 28-ին, ոլորտների պատասխանատուներն ամփոփեցին տարվա ընթացքում կատարված աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը նշեց, որ դեկտեմբերի 27-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտները կատարել են 93.4%-ով:

2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների կատարողականը ավել է 18.9%-ով: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն, անդրադառնալով եկամուտների հավաքագրմանը, նշեց, որ գործընթացի դրական միտումներն առկա են, ինչը ոգևորիչ է, բայց սա բավարար համարել չի կարելի: Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն էլ անդրադարձավ մարզում համայնքների խոշորացմանը նշելով, որ 2017 թվականի ընթացքում ամենօրյա աշխատանք է տարվել նրանց հետ, տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ ներկայումս այդ համայնքներում գործառույթներն ընթանում են բնականոն հունով:Խոսելով 2017-ին կայացած ընտրությունների մասին Շիրակի մարզպետը կարևորեց այն հանգամանքը, որ խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցել են առանց ցնցումների:

Գյուղատնտեսության բնագավառում 2017 թվականին իրականացված աշխատանքներին անդրադառնալով գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը ընդգծեց, որ հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 10139 հա-ով: Մարզում ընդհանուր ցանքը 2017թ. կազմել է 60626 հա, նախորդ տարվա 70765 հա-ի դիմաց: Փոխարենը առաջընթաց է գրանցվել նոր մշակաբույսերի մշակության արմատավորման գործում՝ հնդկացորեն 227.2 հա, կտավատ 162 հա, ոլոռ 29 հա, սիսեռ 10 հա, ոսպ 45 հա, չաման 35 հա, որոնց տնտեսական արդյունավետությունը մոտ 2-3 անգամ գերազանցում է հացահատիկային մշակաբույսերին:

Կրթական հիմնախնդիրների ու արված աշխատանքների մասին խոսելով կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը նշեց, որ մարզում «Ներառական կրթության» ծրագիր է իրականացվում 28 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որում ընդգրկված են 1410 աշակերտներ: Վարչության պետը կարևորեց մարզպետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի մինչև համագործակցության հուշագրի կնքումը, ուսուցիչների վերապատրաստման դասընթացների անցկացումը: Մարզպետը կրթության բնագավառում գլխավոր անելիքներից համարեց որակյալ մասնագետների առկայությունը ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում:

Որակյալ մասնագետների խնդրին անդրադարձավ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին` բնագավառի 2017 թվականի հաշվետվության ընթացքում: Ըստ մարզպետ Խաչատրյանի կարևորն այն է, որ մարզի ազգաբնակչությունը սպասարկվի ժամանակակից պահանջներին համապատասխան և դեպի մայրաքաղաք հիվանդների հոսքը նվազի: Մարզխորհրդի ավարտին Շիրակի մարզպետը շնորհակալություն հայտնեց բոլորին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և 2018 թվականին մաղթեց ձեռքբերումներ ու հաջողություններ ձեռնարկներում:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում