Տնտեսություն

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ՍԷԿՏ համակարգի միջոցով վիճակագրություն է իրականացվելու 

3 րոպեի ընթերցում

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ՍԷԿՏ համակարգի միջոցով վիճակագրություն է իրականացվելու 

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով ճշգրիտ վիճակագրության իրականացնել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում: Այն կնպաստի տնտեսության զարգացման վրա զբոսաշրջության ազդեցության բարձրացմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս կապակցությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղված միջոցառումների մասին» նախագիծը:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ զբոսաշրջության վիճակագրության բարելավումը և ստույգ վիճակագրական տվյալների հիման վրա բարձրորակ հետազոտությունների ու վերլուծությունների ապահովումը ոլորտում վարվող պետական քաղաքականության հիմնական խնդիրներից են:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վիճակագրությունը վարվում է այցելուների վիճակագրական հետազոտությունների հիման վրա ձևավորված տվյալներով՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) մեթոդաբանությանը համապատասխան, ինչը թեև լավագույնն է ներկա պայմաններում, սակայն առավելագույն ճշգրտություն ապահովելու տեսանկյունից կատարելագործման կարիք ունի»,- ասված է նախագծում:

Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության» մասին ՀՀ օրենքի և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ քննարկվել և մշակվել է կատարելագործված մեթոդաբանություն՝ ՍԷԿՏ համակարգի հնարավորությունների օգտագործմամբ:

«Ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ ՍԷԿՏ համակարգի օգնությամբ հնարավոր է էապես բարելավել զբոսաշրջության վիճակագրությունը` ապահովելով առավելագույն ճշգրտությամբ տվյալներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի և սահմանային անցման կետերի:

Դա հնարավոր է իրականացնել համապատասխան համակարգչային ծրագրի կիրառմամբ` բոլոր սահմանային անցման կետերով Հայաստան ժամանած անձանց մասին տվյալներից առանձնացնելով այն անձանց քանակները, ովքեր ՄԱԿ ԶՀԿ մեթոդաբանության և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան համարվում են զբոսաշրջիկներ»,- նշված է նախագծում:

Ըստ նախագծի` ՍԷԿՏ համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում