Առողջապահական առաջնային օղակի բարելավումը գալիք տարվա լուրջ մարտահրավեր. նախարարն ամփոփեց տարին

14 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության ոլորտում 2017-ի գլխավոր ձեռքբերումներից են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական ապահովագրության փաթեթների տրամադրման նախադրյալների ստեղծումը: Իսկ առաջիկա մարտահրավերն է առողջապահական առաջնային օղակի աշխատանքի բարելավումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ամփոփեց անցնող տարին և խոսեց առաջիկա ծրագրերից:

-Պարոն Ալթունյան, սոցփաթեթի շահառուներին բժշկական ծառայությունների մատուցումն ապահովագրական դաշտ բերելն արդարացրե՞ց սպասելիքները, ի՞նչ առավելություններ և թերություններ ունի նոր համակարգը:

-Թե շահառուների, թե պետական օղակի պատասխանատուների կարծիքով, ծրագիրը հաջողվել է: Այն նախաձեռնվել է՝ հաշվի առնելով սոցփաթեթի շահառուների բողոքները, որ փաթեթի գումարները վերջանում են, իրենց հաճախ հերթագրում են մյուս ամսվա կամ տարվա համար: Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 18-ը սոցփաթեթի շուրջ 31.400 շահառու բժշկական օգնություն է ստացել պետության կողմից ձեռք բերված առողջության ապահովագրության միջոցով: Նրանցից 2075-ին մատուցվել է վիրահատական ծառայություն, այդ թվում` նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սրտի վիրահատություններ։ Նախորդ տարվա նույն ժամանակում դեպքերի քանակը մոտ 800 էր, սա նշանակում է, որ նոր մոդելի կիրառմամբ պայմանավորված՝ 3 անգամ աճել են վիրահատական դեպքերը: Նոր համակարգի չանցնելու դեպքում մոտ 1600 մարդու համար պետպատվերի գումարներն ավարտված կլինեին, և նրանք ստիպված կլինեին կամ սպասել, կամ էլ վճարել իրենց գրպանից: Յուրաքանչյուր դեպքի նկատմամբ հսկողություն են իրականացնում պետական առողջապահական գործակալությունը և համապատասխան ապահովագրական ընկերությունը։ Արդյունքում ապահովվում է պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև բժշկական ծառայությունների ժամանակին և պատշաճ մատուցումը: Ստացված արձագանքները խոսում են շահառուների գոհունակության մասին։

-Իսկ սոցփաթեթների ծառայությունների ընդլայնում առաջիկա տարում սպասվու՞մ է:

- Մենք միայն հաստատում ենք, որ տվյալ անձին պետք է հատկացվի տվյալ ծառայությունը: Եթե գումարի չափը ավելանա, ծառայությունների քանակը կավելանա նաև պոլիկլինիկական, միգուցե նաև ատամնաբուժական ծառայությունների գծով: Մենք հիմնվում ենք պետբյուջեից մեզ հատկացված գումարի վրա: Ցավոք, այսօր առողջապահության ոլորտը գումար չի գեներացնում:

-Այս տարի որոշ ծառայություններ օպտիմալացվեցին: Ո՞ր օղակում ավելի շատ կրճատումներ ունեցանք: Օպտիմալացումն անդրադարձա՞վ, արդյոք, ծառայությունների որակի վրա:

-Հոգեբուժության ոլորտում, կարելի է ասել՝ կրճատում չեղավ: Նորքի հոգեբուժարանն ունի առավելագույնը մինչև 100 հիվանդ ընդունելու հնարավորություն, Ավանինը՝ 207, Նուբարաշենինը՝ 245: Գործող հոգեբուժարաններում մեկ հիվանդին բաժին ընկնող օրական ծախսը ամենաբարձրը Նորքի հոգեբուժարանում էր։ Հոգեբուժարանը գործում էր 50-ական թվականներին կառուցված շենքում, որտեղ շենքային պայմաններն այնքան էլ հարմար չէին հիվանդներին պահելու համար: Արդյունքում ունեինք մոտ 3 անգամ ավելի շատ ծախս մեկ հիվանդի հաշվարկով, քան այլ կենտրոններում: Այդ պատճառով հիվանդներին տեղափոխեցինք ավելի հարմարեցված շենքեր: Օպտիմալացման արդյունքում տարեկան կտնտեսվի շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից՝ 100 մլն-ը կհատկացվի Ավանի և Նուբարաշենի հոգեբուժարաններում առկա խնդիրների լուծմանը։ Մնացած 200 մլն-ից 100 մլն դրամը կհատկացվի հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ 100 մլն-ը` առողջապահական այլ ծառայությունների` մասնավորապես հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը: Մենք կարծում ենք նաև, որ պետք է օպտիմալացնել այն ծննդատները, որում ծնունդները տարեկան չեն հասնում 100-ի:

-Նշել էիք, որ բյուջեի ավելացում է սպասվում 2.5 մլրդ-ով, ինչպե՞ս և ինչի՞ն է ուղղվելու այդ գումարը:

- Ավելացումը եղավ ոչ թե բյուջեի հատկացումների, այլ մեր որոշ ծրագրերի օպտիմալացման հաշվին: Հին ծրագրերից ունենք 2.5 մլրդ ավելացված գումար, որն ուղղեցինք այլ ծրագրերի: Այն ուղղել ենք առաջնային օղակին, սրտի անհետաձգելի ստենտավորման ծրագրի ընդլայնմանը, առողջ ապրելակերպը զարգացնելուն: Կարծում եմ՝ մոտ 30 տոկոսով կավելացնենք սրտի ստենտավորումների թիվը: Ներկայումս սպասարկում ենք միայն սուր դեպքերը, երբ ինֆարկտն արդեն զարգացել է: Կարծում եմ՝ հավելյալ գումարների շնորհիվ մենք հնարավորություն կունենանք սոցիալապես անապահով խմբերին այդ ծառայությունը մատուցել նաև նախքան ինֆարկտային շրջանին հասնելը:

-Էլեկտրոնային առողջապահական համակարգն այժմ ո՞ր փուլում է:

-Էլեկտրոնային համակարգը պետք է հասանելի լինի ցանկացած հիվանդի և բուժաշխատողի համար: Մենք պետք է հիվանդանոցները հագեցնենք մի քանի համակարգիչներով, որպեսզի սպասարկվող հիվանդների մասին ամենօրյա հաշվետվություն ունենանք: Նախկինում այդ աշխատանքը կատարվում էր մեկ այլ համակարգի միջոցով, և հաշվետվությունները ստացվում էին տարին մեկ անգամ: Նախարարությունն ու պետական առողջապահական գործակալությունն իսպառ զրկված էին գումարների հասցեականությունը հսկելու հնարավորությունից: Մայիսից պետպատվերի շրջանակում իրականացվող ծառայությունները ֆինանսավորվում են ըստ էլեկտրոնային համակարգում արված գրանցումների և հաշվետվությունների: Ստեղծվել է պետական պատվերի շրջանակում բժշկական հաստատությունների ամսական բյուջեների արտացոլման և կատարողականի վերահսկման մեխանիզմ: Այսօր 400-ից ավելի բուժհաստատություն ծառայություններ է մատուցում պետպատվերի շրջանակում: Մոտ 1000 օպերատոր ծառայությունները մուտքագրում են համակարգ։ Մեր նպատակն է մինչև 2018-ի վերջ ունենալ 16 000 օպերատոր՝ ի դեմս բժիշկների, բուժքույրերի և դեղատների աշխատակիցների:

Էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվել է Երևանի շտապօգնության ծրագրային համակարգը, ինչն ապահովում է շտապօգնության այցերի ավտոմատ գրանցումը էլեկտրոնային համակարգում: Բժշկական հաստատություններին համակարգչային տեխնիկա տրամադրելու նպատակով համակարգչային տեխնիկայի գնման մրցույթ է հայտարարվել։

-Բուժհաստատությունների վերանորոգում, սարքերով համալրում, բուժաշխատողների վերապատրաստումներ ակնկալվու՞մ են հաջորդ տարի:

- Այո, համաշխարհային բանկի ծրագրերը շարունակվում են: Ընթացքում են Արտաշատի և Սևանի ԲԿ-ների հիվանդանոցային մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները: Առաջինի ավարտը նախատեսվում է 2018 թ. օգոստոսին, Սևանինը` 2018 թ. սեպտեմբերին։ Վանաձորի բժշկական կենտրոնի հագեցման նպատակով ձեռք բերված բժշկական սարքավորումները և կահույքը մատակարարվել են: Դրանք կմոնտաժվեն և կտեղադրվեն կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտից հետո, ինչը նախատեսվում է 2018 թ. հունվար-փետրվար ամիսներին:

Այսօր նախարարությունում մշակվում են մի քանի ուղղությունով ռազմավարական ծրագրեր, որոնցում մեծ տեղ կհատկացնենք մարդկային պոտենցիալի աճին և հետդիպլոմային շարունակական մասնագիտական զարգացմանը: Կարծում եմ՝ 2019-ի բյուջեում մեծ գումարներ կունենանք այդ նպատակին հատկացված: Մասնագիտական վերապատրաստումներ կկազմակերպվեն ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բազաներում: Կլինեն նաև շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) տարբեր միջոցառումներ` գիտաժողովներ, սեմինարներ, վարպետության դասեր, առցանց կրթություն և այլն:

-Այս տարի մայրական մահացության ցուցանիշն էականորեն նվազել է, ի՞նչ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ, ի՞նչն է նպաստել :

-Մայրական մահացության ցուցանիշի նվազեցման նպատակով աշխատանքները տարվել են տարբեր ուղղություններով։ Նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ իր ղեկավարած ինստիտուտում կազմակերպվել է հանրապետության բոլոր մարզերի 196 մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքների գնահատման թեստավորում։ Արդյունքները գոհացուցիչ են, նրանցից միայն 23-ն է կրկնակի թեստավորում անցել։ Կազմակերպվել են նաև մանկաբարձության արդիական հարցերին նվիրված սեմինարներ, խորհրդատվություններ։ Արդյունքները մենք տեսնում ենք: Նաև վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի բազայի վրա կազմակերպված արագ արձագանքման ծառայությունը մարզերում ծանր դեպքերի առկայության ժամանակ օգնություն է ցուցաբերում տեղերում կամ տեղափոխում նեղ մասնագիտական կլինիկաներ։

- Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ծխելու դեմ պայքարի ռազմավարության ուղղությամբ, ո՞ր փուլում ենք:

- «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը» ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել 2017 թվականի օգոստոսին: ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է կարծիքի շահագրգիռ գերատեսչություններ և ներկայումս գտնվում է ամփոփման փուլում: Նախագծի փաթեթում ամրագրվում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում, սահմանվում է «փակ տարածքներ» հասկացությունը։ Բացասական կարծիք գրեթե չկա, և շուտով փաթեթը կուղարկվի կառավարություն:

-Այս տարվա ամենաքննարկվող թեման պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների ներդրումն էր: Նախարարությունը պատրա՞ստ է դիմակայել մարտահրավերներին թե քարոզչական, թե գործնական տեսանկյունից:

-Մենք նախատեսում ենք բացատրական աշխատանք բժիշկների, ծնողների, ուսուցիչների հետ: Հարցումները ցույց են տալիս, որ ուսուցիչների, ծնողների համար գնահատելի է տեղամասային մանկաբույժի կարծիքը: Մենք աշխատանք ունենք կատարելու հենց այս ուղղությամբ: Պատվաստման շնորհիվ հնարավորություն ունենք 15 անգամ նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը: Մենք վճռական ենք աշխատանքը ավարտին հասցնելու գործում: Համոզված եմ, որ մեր ժողովրդի ռացիոնալ մտածելակերպը կհաղթի:

-Այս տարի համակարգում որպես երեք կարևորագույն ձեռքբերումներ ու բացթողումներ որո՞նք կնշեք:

-Կարևոր ձեռքբերումն էր սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 612 հազար քաղաքացու՝ պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման համար նախապայմանների ստեղծումը և աշխատանքներն այդ ուղղությամբ: Մյուս հաջողված նախագիծը գործելակարգերի և ուղեցույցների մշակումն ու ներդրումն է: Մենք նախատեսում ենք 1000 գործելակարգ և ուղեցույց: 2017 թ. համար նախատեսված 300-ն արդեն թարգմանված և տեղայնացված են, գտնվում են հաստատման փուլում: Հաստատումից հետո դրանք կթվայնացվեն և հրամանով կյանքի կկոչվեն: Հայաստանյան բոլոր հիվանդները Երևանում, թե հեռավոր մարզում, պետք է բուժվեն այդ ուղեցույցներով: Հաջողված է նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: Հաջողված ծրագրերի ցանկում կարելի է նշել նաև հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման աննախադեպ ծրագիրը, կուրությունը կանխարգելող կատարակտի անվճար վիրահատության ծրագիրը, որի շրջանակում երեք տարում 3000 մարդ կվիրահատվի։

Դեռևս չլուծված հարցերից, թերևս, նշեմ ադմինիստրատիվ ոլորտը մասնագետներով հագեցնելը:

-Ի՞նչ մարտահրավերներ ունի ոլորտն առաջիկա տարում, որո՞նք են 2018-ի առաջնային ծրագրերը:

-Առաջնային օղակի աշխատանքի բարելավում կլինի, կփոփոխվեն չափորոշիչները: Բոլոր բարեփոխումները կապված են մարդկանց՝ և՛ բժիշկների, և՛ հիվանդների վարվելակերպի փոփոխման հետ: Մոտ 16 000 բուժաշխատողներ և դեղատների մոտ 4000 աշխատակիցներ պետք է կատարելագործվեն էլեկտրոնային առողջապահության ոլորտում, պետք է ձեռք բերեն գործելակարգերի հետ աշխատանքի հմտություններ: Մեր հիմնական աշխատանքը կլինի նախագծելը և վերահսկելը: Արդեն սկսված ծրագրերն այնքան հագեցած են, և դրանք շարունակվելու են առնվազն 3 տարի ևս: Արդյունքում՝ յուրաքանչյուր տարին կբերի բարելավման նոր մակարդակ:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը