Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստում ամփոփվեց աշխատանքային տարին
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզխորհրդի տարեվերջյան նիստն անդրադարձավ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման եւ մարզի 2017 թվականի կենսագործունեության արդյունքներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Բոթոյանը:
Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա տեղեկացրեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 96,2 տոկոսով կամ պլանավորված 1 միլիարդ 493 միլիոն 81 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ 436 միլիոն 528 հազար դրամ:
«Կատարողականը հաջողվել է ապահովել 27 համայնքների ղեկավարների եւ աշխատակազմերի անդամների հետեւողական աշխատանքի շնորհիվ, ուր հավաքագրումը բարձր է եղել միջին կատարողական ցուցանիշից: Դեռ աշխատանքային 3 օր էլ ունենք տարվա ավարտին, եւ հավաքագրման ընթացքը մեզ հույս է ներշնչում, որ այն կեզրափակենք 100 տոկոս արդյունքով»,-նշեց վարչության պետը:
Մարզի 2017 թվականի կենսագործունեության արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Նա նշեց, որ 2017 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության, միջազգային ու տեղական կազմակերպությունների գործունեությունը նպատակաուղղված է եղել մարզի սոցիալ–տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը եւ առաջնահերթ իրականացմանը:
«Տարբեր ոլորտներում 2016-2017 թվականներին ՀՀ կառավարության, միջազգային եւ տեղական կազմակերպությունների կողմից մարզում իրականացվել են շուրջ 10,8 միլիարդ դրամի ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվել է մոտավորապես 180-200 հիմնական եւ 478 սեզոնային աշխատատեղ: Վերին Գետաշեն համայնքում պահածոյի գործարանի հզորացման համար ներդրվել է 200 միլիոն դրամ, Գեղհովիտ համայնքում կարի արտադրամասի կառուցման նպատակով՝ 280 մլն դրամ, Շորժա համայնքում կաթիլային եղանակով 50 հա ծիրանի այգու հիմնման եւ զբոսաշրջության զարգացման համար՝ 370 մլն դրամ:
Մարզում կան շատ այլ ներդրումային ծրագրեր, որոնց մեկնարկային գումարները սկսվում են 10 մլն. ՀՀ դրամից: Վերը նշված գրեթե բոլոր ներդրումային ծրագրերը ավարտական փուլում են, որոնք մարզում ապահովելու են եւս 200 -250 աշխատատեղեր: 2018 թվականին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը Սոթքի հանքավայրում նախատեսում է իրականացնել մոտավորապես 8 մլն դոլարի ներդրում եւ բացել մոտավորապես 100 նոր աշխատատեղ»-ներկայացրեց բաժնի վարիչը։
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը համայնքի ղեկավարներին հորդորեց մինչեւ տարեվերջ ամբողջությամբ ավարտել բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը, ապա Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց մարզխորհրդի անդամներին ու նիստի մյուս մասնակիցներին՝ ցանկանալով առողջություն, նոր ձեռքբերումներով լի աշխատանքային տարի: