Անկախության տարիներին մեր լրատվական դաշտը հեղափոխական փոփոխություններով է անցել. Նախագահն ընդունեց ԶԼՄ ներկայացուցիչներին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 22-ին Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին, բոլոր գործընկերներին ու հարազատներին: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող տարում Հայաստանի ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններին ու ԶԼՄ-ների կողմից դրանց լուսաբանմանը: Հանրապետության Նախագահը խոսել է նաև բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայմաններում «չորրորդ իշխանության» դերակատարման մասին, ներկայացրել ԶԼՄ-ներից իր ակնկալիքները առաջիկա համապետական կարևորագույն մի շարք միջոցառումների լուսաբանման առումով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն Ամանորի և Սուրբ Ծննդյան

տոների առթիվ ԶԼՄ ներկայացուցիչների համար հրավիրված ընդունելության ժամանակ

Սիրելի՛ բարեկամներ,

Սիրով ողջունում եմ բոլորիդ Բաղրամյան 26-ում՝ արդեն ավանդական դարձած այս տոնական ընդունելությանը: Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Անկախության տարիներին մեր լրատվական դաշտը հեղափոխական փոփոխություններով է անցել: Նախորդ երկուսուկես տասնամյակում մենք կարողացել ենք ձևավորել դինամիկ հասարակություն, հանրային կառույցներ և յուրօրինակ ազատ լրագրություն: Որևէ կասկած չունեմ, որ հասուն և կայացած ժողովրդավարական համակարգ կառուցելու ճանապարհին անկախ ու անկաշկանդ լրագրողը պետք է լինի մեր հասարակության ամենատես աչքը:

Անցնող տարին լի էր ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններով, որոնք եղել են ձեր լուսարձակների կենտրոնում: Դուք դրանք բազմակողմանիորեն լուսաբանել եք և անհրաժեշտ տեղեկատվությունը հասցրել հասարակության, քաղաքական կուսակցությունների և իշխանությունների ուշադրությանը:

2017 թվականի կարևոր համապետական իրադարձությունը, իհարկե, ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն էին: Այժմ հետադարձ հայացք նետելով՝ կարող ենք վստահաբար արձանագրել, որ այդ ընտրություններն անցան կառուցողական և համերաշխ մթնոլորտում: Ընտրություններն արժանացան մեր հանրության և միջազգային մաս-նագիտացված դիտորդական կազմակերպությունների դրական գնահատականին՝ արդար մրցապայքարում գծագրելով հաջորդ հինգ տարիների մեր քաղաքական խճապատկերը:

Այդ արդյունքն արձանագրելու գործում մեծ է եղել նաև Հայաստանի լրատվական դաշտի ներդրումը: Այն ճանաչվել է միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից, և ես շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար:

Անշուշտ, եղել են նաև դժվարություններ, անհարթություններ, թյուրըմբռնումներ: Անվրդով ընտրական գործընթաց աշխարհի որևէ երկրում գոյություն չունի, քանի որ մրցապայքարում շիկանում են կրքերը, լարվում են նյարդերը: Հիրավի, երևի ամենադժվար բանը պարտվելն է. բոլորը չէ, որ կարողանում են դրա հետ համակերպվել:

Հարգելի՛ լրագրողներ,

Խորապես համոզված եմ՝ չկան անհաղթահարելի խնդիրներ: Կարևորում եմ բոլոր կողմերի և դերակատարների անկեղծ պատրաստակամությունն առկա խնդիրները բաց քննարկելու և դրանց համար լուծում գտնելու հարցում: Դա հասունության մի յուրատեսակ քննություն է, որը, վստահ եմ, մեր հասարակությունը պատվով է հանձնում: Վստահ եմ, որ բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայ-մաններում ձեր իշխանությունը մեր կյանքում շատ ավելի ընդարձակ դերա-կատարում է ունենալու, և դուք պատրաստ եք այն ստանձնելու:

Անցնող տարում դուք ակտիվորեն լուսաբանեցիք Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի աշխատանքները: Դրանով հնարավորություն ստեղծվեց այդ համաժողովին տասը միլիոն հայերի վիրտուալ մասնակցության համար: Զանգվածային լրատվության միջոցների դերը և նշանակությունը քննարկելիս պետք է մշտապես հիշենք, որ ևս յոթ միլիոն հայ ապրում է մայր Հայաստանից դուրս:

Կոչ եմ անում գալիք տարիներին աշխուժացնել սփյուռքի համայնքներում գործող լրատվամիջոցների հետ կապերը: 2040 թվականին չորս միլիոնանոց Հայաստան ունենալու իմ տեսլականի և ապագա այլ ծրագրերի մշակման ու իրականացման ընթացքում, իհարկե, ակնկալում եմ ձեր ավելի ակտիվ ներգրավվածությունը:

Կցանկանայի նաև, որ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին, տեղական ինքնակառա-վարման մարմինների աշխատանքը, համայնքների խոշորացման գործընթացը կամ տնտեսական աշխուժացումը, ավելի մեծ ուշադրության և խորքային գնահատականների արժանանային ձեր կողմից: Այս ցանկը, անշուշտ, ամբողջական չէ: Ես իսկապես ուրախ կլինեմ, եթե դուք հարստացնեք այն իմ ուշադրությունից վրիպած թեմաներով:

Սիրելի՛ բարեկամներ,

Հրաժեշտ ենք տալիս 2017 թվականին: Կրկին շնորհավորում եմ ձեզ, ձեր բոլոր գործընկերներին, հարազատներին և բարեկամներին: Ուզում եմ, որպեսզի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում դուք լիաթոք հանգստանաք, ուրախանաք՝ դրանով իսկ հաճույք պատճառելով ձեր բարեկամներին ու հարազատներին: Թող գալիք 2018 թվականին հաջողությունը, երջանկությունը և խաղաղությունը միշտ ուղեկից լինեն ձեզ և ձեր ընտանիքներին: Որքան հաշտ լինենք ինքներս մեզ հետ, հավատացե՛ք, այնքան բարձր է լինելու մեր աշխատանքի օգտակար գործողության գործակիցը:

Շնորհակալ եմ:

Հայերեն English Русский

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացնում