ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում Հայաստանի ազգային անվտանգության մարմիններին հաջողվել է այս ասպարեզում կանխել կամ բացահայտել բազմատեսակ դեպքեր՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից մինչև համակարգչային վնասաբեր ծրագրերի կիրառմամբ հափշտակություններ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ձեր աշխատանքի արդյունքները զգալի են նաև հանցավորության դեմ պայքարի այլ ասպարեզներում: Խոսքս առաջին հերթին վերաբերում է ներպետական մակարդակում իրավախախտումների կանխարգելմանը: Ընդգծեմ նաև, որ ձեր ծառայության հետ իրավապահ մյուս մարմինների ակտիվ համագործակցության արդյունքում վերջին շրջանում բացահայտվել են տարաբնույթ հանցագործություններ, կանխվել զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքեր և փորձեր, հայտնաբերվել են քրեական պատասխանատվությունից խուսափող, հետևապես և՝ հասարակության համար վտանգ ներկայացնող մի շարք անձինք:
Ձեր մասնագիտական գործունեության առաջնահերթ մյուս ոլորտը կոռուպցիայի դեմ պայքարն է: Վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիոն երևույթների հնչեղ բացահայտումները, վստահ եմ, լավ ազդանշան են եղել՝ ուղղված թե՛ հանրությանը, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս ճակատում տարվող աշխատանքն ավելի քան լուրջ հիմքերի վրա է դրված, սակայն ձեռք բերվածով բնավ չենք բավարարվելու»,- նշել է ՀՀ Նախագահը:
Նա ընդգծել է, որ նմանօրինակ քայքայիչ դրսևորումների դեմ պայքարը լինելու է ավելի սուր և ավելի կոշտ: Նախագահը հայտարարել է, որ այս ասպարեզում ձեզնից իր սպասելիքները շարունակելու են մեծ մնալ: Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ազգային անվտանգության ծառայությունն ունի բավարար փորձ և հաստատուն կամք խնդրի մեջ խորամուխ լինելու համար: Նա նշել է, որ անհրաժեշտ են գործուն քայլեր պետական բոլոր մակարդակներում, այդ թվում՝ դատաիրավական համակարգում կոռուպցիոն դրսևորումների պատկերը բացահայտելու համար:
«Ամենայն ուշադրությամբ նաև անհրաժեշտ է հետևել միջազգային կառույցների կողմից կատարված հետազոտություններին և վարկանիշներին: Կոռուպցիայի վերաբերյալ Հայաստանի ցուցանիշներում նահանջ չպետք է լինի: Անգամ եթե խոսքը ոչ թե բուն կոռուպցիայի, այլ դրա ընկալման մասին է, անհրաժեշտ է գտնել և բացահայտել այն թերությունները, որոնք հանգեցնում են նման ընկալման:
Կոռուպցիայի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ է դրական տեղաշարժ: Մենք դա արել և անում ենք ոչ թե միջազգային կառույցների, այլ մեր համար: Դա են մեզնից ակնկալում մեր երկրի քաղաքացիները: Այս պարագայում ևս որևէ արդարացում չեմ ընդունելու»,- ասել է Նախագահը՝ դրական գնահատելով ազգային անվտանգության ծառայողների աշխատանքը համապետական միջոցառումների, այդ թվում՝ ընտրությունների անվտանգ անցկացումն ապահովելու գործում: