Մարզային

Վեդին ունի հիմնանորոգված ծննդատուն

3 րոպեի ընթերցում

Վեդին ունի հիմնանորոգված ծննդատուն

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հուլիսին սկսած հիմնանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ն ամբողջովին նոր տեսք է ստացել: Ծննդատունը կառուցվել է 70-ական թթ., մի քանի տասնամյակ անց իրականացվել են միայն մասնակի հարդարման աշխատանքներ: Մինչ հիմնանորոգումը բուժհիմնարկն ուներ անմխիթար տեսք:

Ամբողջովին փոխվել է ծննդատան 2000 քմ տարածքով տանիքը, երկու ծնարաններն ու երկու վիրահատարաններն ապահովվել են ամենաարդիական սարքավորումներով, սենյակներն ունեն առանձին լոգարաններ, որոնք նախկինում բացակայում էին: 14 հիվանդասենյակներում տեղադրվել են 50 նոր մահճակալներ, փոխվել են նաեւ պատուհաններն ու դռները: Հիվանդասենյակներում տեղադրված են սառնարաններ: Հիվանդանոցի հենց աստիճաններից զգացվում է հարգանքը հղիների նկատմամբ. այնտեղ կան թեքահարթակներ, համապատասխան թեքությամբ աստիճաններ, առաջին հարկում գործում են նորացված սանհանգույցները:

Ծննդատունը հիմնանորոգվել է Արարատի մարզպետարանի աջակցությամբ: Այժմ հիվանդանոցն ունի վերջին սերնդի անզգայացման ապարատներ, թթվածնի մատակարարման կենտրոնացված համակարգ, որտեղից թթվածինը մատակարարվում է ծնարան, մանուկների եւ վերակենդանացման սենյակներ: Հիվանդանոցը հագեցել է նաեւ վերջին սերնդի ուլտրաձայնային հետազոտության ապարատով, որով ախտորոշվում է պտղի ներարգանդային վիճակը: Դեռեւս վաղ ներարգանդային շրջանում հայտնաբերվում են հիվանդությունները, հարկ եղած դեպքում ուղարկում Երեւան՝ համապատասխան բուժման:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գինեկոլոգ Մարգարիտ Աղաջանյանն ասաց, որ հղիներն ամբողջ հղիության ընթացքում գտնվում են իրենց հսկողության ներքո, մշտապես հետազոտվում են, ստանում խորհրդատվություն: Ծննդատունն ունի նաեւ «մայրության դպրոց», որտեղ մայրության սպասող կանայք անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում իրենց սննդակարգի, պտղի զարգացման, նախածննդյան եւ հետծննդյան հղիության, բուն ծննդաբերության ընթացքի մասին, ինչպես նաեւ երեխայի ծննդից հետո փոքրիկի խնամքի, կրծքով կերակրման եւ այլնի մասին: Ծննդատան տնօրեն Վաչիկ Մաթեւոսյանն ընդգծեց, որ 2017 թ. ինը ամսվա ընթացքում ծնվել են 730 բալիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում