Մարզային

Լիճքում էներգետիկ վթարից տնտեսությունները եւ հիմնարկները զգալի վնաս են կրել

2 րոպեի ընթերցում

Լիճքում էներգետիկ վթարից տնտեսությունները եւ հիմնարկները զգալի վնաս են կրել

ԳԱՎԱՌ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի ունեցած էներգետիկ վթարի հետեւանքով զգալի վնասներ են կրել տնտեսություններ, Լիճքի գյուղապետարանը, «Կիլիկիա» սուպերմարկետը եւ «Հայփոստ»-ի բաժանմունքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, վերջին օրերի ընթացքում երկու անգամ վթարվել է գյուղապետարանի կողքի տրանսֆորմատորային ենթակայանը, ինչի հետեւանքով էլ վնաս են կրել գյուղի տնտեսությունները եւ կազմակերպությունները: Առաջին վթարի ժամանակ վնասները, կարելի է ասել, չնչին էին, սակայն երկրորդ վթարի ժամանակ արդեն գրանցվեց աննախադեպ ու չսպասված պատահարը, որն ուղեկցվեց լուրջ վնասներով:

Վթարի հետեւանքով շարքից դուրս են եկել կենցաղային էլեկտրատեխնիկական սարքավորումները՝ սառնարաններ, համակարգիչներ, ջեռուցման կաթսաներ, հեռուստացույցներ, այլ իրեր:«Էլեկտրական ցանցեր» ընկերության Գեղամա մասնաճյուղի կողմից վթարը վերացված է, սակայն վթարի հետեւանքները դեռեւս մնում են: Թե մենք, թե տնտեսությունները դիմել ենք մասնաճյուղին՝ պատճառված վնասը վերականգնելու ակնկալիքով»-ներկայացրեց Գնել Գրիգորյանը: «Էլեկտրական ցանցեր» ընկերության Գեղամա մասնաճյուղի տնօրեն Գագիկ Գրիգորյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ իրենք ընդունել են թե բնակիչների, թե կազմակերպությունների դիմումները, որոնք ուսումնասիրման փուլում են:«Ովքեր մեզ դիմել են վթարի պատճառով իրենց հասցված վնասների վերականգնման համար, նրանց դիմումը կբավարարվի:

Վաղը կժամանի մեր ընկերության մասնագիտացված խումբը, որը տեղում կուսումնասիրի պատճառված վնասները եւ կնորոգի շարքից դուրս եկած էլեկտրակենցաղային բոլոր սարքավորումները»-հավաստեց Գագիկ Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում