Ծովինարում վերակառուցվում ու արդիականացվում է ոռոգման համակարգը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից կատարված ներդրումների եւ Ծովինարի գյուղապետարանի համաֆինանսավորման հաշվին այս տարվա հոկտեմբեր ամսից սկսվել եւ ընթանում են ոռոգման համակարգի վերակառուցման եւ արդիականացման աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինարի գյուղապետ Մհեր Մարտոյանը, ոռոգման համակարգի վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 370 միլիոն դրամ, որից 20 միլիոն դրամը կազմում է Ծովինարի գյուղապետարանի համաֆինանսավորումը: Վերակառուցվող ջրատարն ունի 8 կիլոմետր երկարություն եւ ապահովում է 400 հեկտար տնամերձերի եւ սեփականաշնորհված հողամասերի ոռոգումը:
Այն ունենալու է 1 խորանարդ մետր վայրկյան հզորություն: Մոտ 100 հեկտարը ոռոգվելու է ինքնահոս, 300 հեկտարը՝ մեխանիկական մղման եղանակով:«Մեր գյուղի ոռոգման համակարգը կառուցվել եւ շահագործվել է մի քանի տասնամյակ առաջ: Վաղեմության պատճառով այնտեղ տարեցտարի ավելանում էին կորուստները՝ ոռոգման շրջանում դժվարին վիճակ ստեղծելով տնտեսությունների համար:
Բավական է ասել, որ ոռոգման ցանցում կորուստները հասնում էին ավելի քան 60 տոկոսի: Եթե նախկին ցանցի երկաթե խողովակաշարն ուներ 200 միլիմետր տրամագիծ, ապա այն այժմ փոխարինվում է 300 միլիմետրանոցով, իսկ կորուստները վերացվում են կամ հասցվում նվազագույնի, ինչը տնտեսություններին հնարավորություն կտա՝ ժամանակին եւ առանց դժվարությունների ոռոգել իրենց ցանքերը:Արփա-Սեւան թունելային ջրատարից սնվող համակարգի 1,5 կիլոմետրը վերակառուցվում է բետոնե կիսախողովակներով, 6,5 կիլոմետրը՝ երկաթյա խողովակներով:
Դեկտեմբերի 14-ի դրությամբ մնացել է կառուցել 550 մետր երկարության կիսախողովակ եւ 1,5 կիլոմետր երկարության խողովակաշար: Վստահորեն կարելի է ասել, որ մինչեւ եկող տարվա ոռոգման շրջանը ոռոգման վերակառուցված համակարգը լիովին կծառայի իր նպատակներին»,-հավաստեց Մհեր Մարտոյանը: