Շիրակում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությունները
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում հանրօգուտ ներդրման մեխանիզմների կիրառման հնարավորությունները:
Քննարկմանը մասնակցել են ինչպես մարզի, այնպես էլ գյուղատնտեսության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները և Ֆինլանդիայից ժամանած միջազգային փորձագետը: Շիրակի մարզպետը նշել է, որ քննարկման նպատակը ոլորտի հիմնախնդիրների լուծման համար նոր տարբերակների մշակումն է, նախատեսված ու նախանշված ծրագրերը ճիշտ ուղղությամբ տանելն ու իրականացնելը:
«Ես բազմիցս եմ ասել, որ Շիրակի մարզի զարգացման ռազմավարությունում կարևոր ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է, դրա արդիականացումը, ավանդական մշակաբույսերից ավելի բարձրարժեք կուլտուրաների մշակման անցումը: Այստեղ պետք է մասնագիտորեն քննարկել, թե գյուղատնտեսության հատկապես որ ուղղությունն է մեր մարզի համար նախընտրելի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում դրական արդյունքներ գրանցենք: Եթե ներդրումներ լինեն, ապա արդյունքները սպասեցնել չեն տա»:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյանի համոզմամբ՝ այսօրինակ քննարկումները հնարավորություն կտան ճիշտ ուղու վրա կանգնել: Մասնագետները քննարկել են մի քանի ուղղություններում հանրօգուտ ներդրման մեխանիզմների զարգացման հեռանկարը, մասնավորապես, անդրադարձ է եղել մարզում անասնապահության ու դրանից բխող կաթի արտադրության և վերամշակման ուղղությանը, ինչպես նաև մարզի գյուղատնտեսությամբ զբաղվողների գիտելիքների բարձրացմանը, հացահատիկային մշակաբույսերի աճեցման նոր տեխնոլոգիաների կիրառմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը: