Շարմազանովը հորդորել է Լիտվայի խորհրդարանականներին միասնաբար հանդես գալ ընդդեմ թուրքական ժխտողականության

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին հանդիպել է Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախությունն աշխարհում առաջինը ճանաչելու փաստը: Լիտվան Մերձբալթյան երկրներից առայժմ միակն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նրանք երախտագիտություն են հայտնել լիտվացի խորհրդարանականներին` Վիլնյուսի Ցեղասպանության թանգարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար:

Կողմերը կարեւորել են հայ-լիտվական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների առավել ակտիվ աշխատանքը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին. կողմերը կարեւորել են հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:

Անդրադարձ է կատարվել նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լիտվան՝ որպես ՀՀ անկախությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն, սեղմ ժամկետում, առանց ձգձգումների առաջինը կվավերացնի նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հաջորդ տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը եւ հավելել, որ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի:

«Լիտվան այն երկրների թվին է պատկանում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենք, որ մերձբալթյան մյուս երկրների խորհրդարանները կհետեւեն Լիտվայի օրինակին: Ափսոսանքով նշեմ, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները ժխտողական քաղաքականություն են վարում: Ժխտողականությունը գրեթե հավասարազոր է ցեղասպանություն գործելուն: Մենք` խորհրդարանականներս, պարտավոր ենք միասնաբար պայքարել ցեղասպանությունների դատապարտման, ինչպես նաեւ թուրքական ժխտողականության դեմ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը Լիտվա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներին 2018 թվականին հրավիրել է Հայաստան:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան