Դուդուկ նվագելիս զրուցում ես նրա հետ. Վարդան և Գաբրիել Շահինյանները նոր կատարումներով կներկայանան արվեստասերներին
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երիտասարդ, խոստումնալից դուդուկահարներ Վարդան և Գաբրիել Շահինյաններն օրերս երաժշտասերների դատին կհանձնեցին հատուկ իրենց համար գրված «Հին ու նոր» ստեղծագործության հիման վրա նկարահանված առաջին պրոֆեսիոնալ տեսահոլովակը և հանդես եկան սիրված երգչուհի Անի Քրիստիի հետ համատեղ կատարմամբ՝ «Կարոտել եմ» երգով: Շահինյան եղբայրները ցանկանում են ներդրում ունենալ հայկական դուդուկի տարածման ու ճանաչման գործում:
Իրենց գործունեության, երաժիշտների հետ համագործակցության և ապագա ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Վարդան և Գաբրիել Շահինյանների հետ: «Կոմպոզիտոր Արմեն Ալեքսանյանը մեզ համար երաժշտություն է գրել, և այդ ստեղծագործության հիման վրա Հրանտ Սիմոնյանը նկարահանել է տեսահոլովակ, որն արդեն հասանելի է համացանցում»,-նշեց Վարդան Շահինյանը:
Իսկ Անի Քրիստիի հետ համագործակցությունը խորհրդանշական է, քանի որ, Գաբրիել Շահինյանի խոսքով, Անին անկրկնելի վոկալ ունի, և նրա ձայնը շատ համահունչ է դուդուկի ելևէջներին: «Նրա հետ ծանոթացել ենք մեկ տարի առաջ: Որոշեցինք հանդես գալ տրիոյով՝ Անի Քրիստի, Վարդան և Գաբրիել Շահինյաններ: Համագործակցության արդյունքում ծնվեց «Կարոտել եմ» երգը, որի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արամ Ավագյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: Այդ գործը առիթ ունեցանք կատարել Արամ Ավագյանի ստեղծագործական երեկոյին: Այն շատ ջերմ ընդունելության արժանացավ, ավելին՝ քան մենք սպասում էինք»,-ընդգծեց Վարդանը:
Տղաները խոստովանեցին, որ մեծ ցանկություն ունեն շարունակել համագործակցությունն Անի Քրիստիի հետ: Միտք ունեն նաև տեսահոլովակ նկարահանել «Կարոտել եմ» երգի հիման վրա:
Դուդուկահարներն իրենց ստեղծագործական ուղին սկսել են 2008 թվականից: «Ապրում ենք Արտաշատում, որը Ֆրանսիայի Կլամար փոքրիկ քաղաքի քույր քաղաքն է համարվում: Այդ քաղաքների բարեկամության հնգամյակին նվիրված միջոցառմանն ինձ հնարավորություն ընձեռվեց մեկնել Ֆրանսիա և հանդես գալ Կլամարում: Արտաշատի այդ ժամանակվա քաղաքապետ Գագիկ Մուրադյանն ասաց, որ ֆրանսահայերը շատ են սիրում դուդուկ, ու ցանկալի է, որ այնտեղ հենց այդ գործիքը հնչի: Մեկ և կես ամսվա ընթացքում վեց գործ պատրաստեցի, ձայնագրվեցի այնտեղ ներկայանալու համար: Մեծ ոգևորություն էր Ֆրանսիայում ելույթ ունենալը:
Այդ իրադարձություններից հետո եղբորս՝ Գաբրիել Շահինյանի հետ որոշեցինք լրջությամբ զբաղվել դուդուկով՝ ուսանելով դուդուկահար Աշոտ Խանգելդյանի մոտ»,-պատմեց Վարդանը:
Երաժշտի խոսքով՝ դուդուկ նվագելիս ասես զրուցում ես նրա հետ, հարցեր տալիս, ստանում պատասխաններ: Նվագելիս այդ գործիքը կյանք է առնում, կենդանանում և ապրեցնում: «Այդ երաժշտությունը և՛ Հայաստանում, և՛ մեր երկրի սահմաններից դուրս սիրված է, և ես չեմ կարծում, որ այն կարելի է միայն տխրության հետ կապել: Դուդուկով հնարավոր է ուրախ, զվարթ ելևէջներ նվագել ու բարձրացնել տրամադրությունը»,-ընդգծեց Վարդանը:
Գաբրիելը նշեց, որ դուդուկ նվագելիս պատկերացնում է հայոց պատմությունը, հայ ազգի ցավերն ու ուրախությունները: Այն ամբողջ աշխարհում սփռված հայերի համար հարազատ գործիք է՝ իր մեղեդիներով բնորոշ հենց հայ ազգին:
Վարդան Շահինյանը, անդրադառնալով օտարազգի դուդուկահարներին, շեշտեց՝ գովելի է, որ այլազգի երաժիշտները ցանկանում են նվագել մեր ժողովրդական գործիքը: Դրանով տարածվում և ճանաչվում է հայկական մշակույթը:
Երիտասարդներն ասացին, որ շատ են սիրում դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանի կատարումները, Վաչե Հովսեփյանի, Մարգար Մարգարյանի դուդուկի մեղեդիները: «Նրանք ահռելի գործ են կատարել դուդուկի տարածման գործում: Ջիվան Գասպարյանի շնորհիվ «ծիրանի փողը» ճանաչվեց ողջ աշխարհում, և հաջորդ սերունդներս պետք է շնորհակալ լինենք նրանց»,-ընդգծեց Վարդան Շահինյանը:
Ներկայումս Գաբրիել Շահինյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի չորրորդ կուրսում: Կոնսերվատորիայից բացի՝ Գաբրիելը հեռակայում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, քանի որ դա իր ծնողների երազանքն է եղել, սակայն իր համար առաջնայինը երաժշտությունն է:
Վարդան Շահինյանը Երևանի պետական բժշկական համալսարանի վեցերորդ կուրսի ուսանող է: Ընդունվել է բժշկական համալսարան, քանի որ ի սկզբանե սիրել է բժշկությունը: «Երբ ինձ հարցնում են երաժշտությունն եմ նախընտրում թե բժշկությունը, պատասխանում եմ, որ դրանք շատ տարբեր են, և իրենց առանձնահատուկ տեղն ունեն իմ կյանքում»-ասաց Վարդանը:
Խոսելով իրենց երազանքների մասին՝ տղաներն ասացին, որ ունեն շատ ցանկություններ, նպատակներ, որոնք փորձելու են իրականացնել:
Զրուցեց Անժելա Համբարձումյանը
Լուսանկարները եղբայրների անձնական արխիվից