Մարզային

Սեւան քաղաքը Ճանաչվել է Եվրոպական Միության կողմից հայտարարված մրցույթի հաղթող

2 րոպեի ընթերցում

Սեւան քաղաքը Ճանաչվել է Եվրոպական Միության կողմից հայտարարված մրցույթի հաղթող

ԳԱՎԱՌ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ` հանուն տնտեսական զարգացման» քառամյա ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հունվարին, որին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքը միացել է այս տարվա մայիսին եւ հայտարարված մրցույթի արդյունքում ճանաչվել հաղթող:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը՝ օրեր առաջ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակվել են դրամաշնորհային մրցույթի արդյունքները, եւ Սեւան համայնքը ճանաչվել է հաղթող, ի դեպ, հանրապետությունում միակը: «Մինչեւ տարեվերջ Սեւան համայնքի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության միջեւ կկնքվի դրամաշնորհային պայմանագիրը, իսկ 2018-2019 թվականներին համայնքում կիրականացվի «Նորարարության խթանման կայուն հարթակ» պիլոտային ծրագիրը, որը համայնքում գործարար միջավայրի բարելավման, տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման համար լուրջ եւ հիմնարար նախադրյալներ է ստեղծելու` ապահովելով դրանց շարունակականությունը»,-նշեց Արմինե Ղուկասյանը:

Նույն աղբյուրի ներկայացմամբ՝ «Համայնքի ղեկավարներ` հանուն տնտեսական զարգացման» քառամյա ծրագիրը նպատակ ունի՝ աջակցելու Արեւելյան գործընկերության երկրների համայնքներին` դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնողներ:

Ծրագիրն իրականացվում է 6 երկրներում` Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան, իսկ շահառուներն այս 6 երկրների տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք ավելի ակտիվ դերակատարում պետք է ստանձնեն տեղական տնտեսական զարգացման գործում` նպաստելով բիզնես-միջավայրի բարելավմանը, համագործակցելով մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում