Գեղարքունիքի մարզը պատրաստ է ճանապարհների ձմեռային պահպանությանը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ճանապարհների ձմեռային պահպանության համար 2017 թվականի նոյեմբերի-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 58,5 միլիոն դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների ձմեռային պահպանության համար հատկացված է մոտ 45 միլիոն, մարզային նշանակության ճանապարհների համար՝ 13,5 միլիոն դրամ:
«Առայժմ ձմեռային եղանակը չափազանց բարեհաճ է գտնվել ճանապարհային երթեւեկության եւ ճանապարհների սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար, քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում ձյան տեղումները եղել են աննշան, ճանապարհներ չեն փակվել, դժվարանցանելի կամ անանցանելի վիճակներ չեն ստեղծվել, ինչն էլ նպաստել է, որ սպասարկող կազմակերպությունները կարողանան միջոցներ տնտեսել:
Կարծում եմ, որ ձյան առատ տեղումների պայմաններում ճանապարհաշինական կազմակերպությունները կկարողանան ապահովել ճանապարհների անցանելիությունը: Ճանապարհների ձմեռային պահպանության համար 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին հատկացվելիք գումարների չափը հայտնի կդառնա եկող տարվա բյուջեի ընդունումից հետո»,-պատմեց Գեւորգ Խաչատրյանը: