Քաղաքականություն

Շվեյցարացի ներդրողները Հայաստանում հետաքրքրված են ֆինանսական, դեղագործական, գինեգործության, ՏՏ ոլորտներով

3 րոպեի ընթերցում

Շվեյցարացի ներդրողները Հայաստանում հետաքրքրված են ֆինանսական, դեղագործական, գինեգործության, ՏՏ ոլորտներով

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական ոլորտում հարաբերությունների խորացմամբ: Այս մասին «Հայ-շվեյցարական բիզնես օր-2017» խորագրով համաժողովի շրջանակում նշեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը:

«Այս տարի նշվում է Հայաստան-Շվեյցարիա դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Պետք է նշել, որ այս տարիների ընթացքում ոչ միայն դիվանագիտական հարաբերություններն են զարգացել, այլև տնտեսական: Այս տարի երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը կազմել է 170 մլն շվեյցարական ֆրանկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը:

Հայաստանը Կովկասում փոքր երկրներից է, սակայն Լուկաս Գասսերը նկատեց, որ այն ամենաակտիվն է տարածաշրջանում: Շվեյցարիան բավական լավ արդյունքներ ունի Հայաստանի հետ համագործակցության հարթությունում: Դեսպանը նկատեց, որ Շվեյցարիան Հայաստանում ներդրում կատարած երկրների ցանկում առաջին տասնյակի մեջ է: Նա հույս հայտնեց, որ եղած արդյունքներն առաջիկայում ավելի կբարելավվեն:

«Շվեյցարիայի դեսպանատունը փորձում է ստեղծել հարթակ, որը թույլ կտա զարգացնել բիզնեսը: Հատկապես կարևոր է այն, որ Շվեյցարիան Հայաստանին առաջարկում է GSP համակարգը: Դրա շրջանակում արտահանողները, հետևելով որոշ կանոնների, կարող են դյուրին հարկային պայմաններով ապրանք արտահանել Շվեյցարիա»,-ասաց նա:

Դեսպանը նշեց, որ Հայաստանը նաև շատ լավ աշխարհագրական դիրք ունի, այն կապում է Արևմտյան Եվրոպան և հետխորհդային երկրները: Օրեր առաջ էլ ԵՄ-ի հետ ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, ինչն, ըստ դեսպանի, շատ կարևոր է և լավ հնարավորություններ է ընձեռում:

«Այսօրվա միջոցառման նպատակն է Հայաստանի, Շվեյցարիայի բիզնես ներկայացուցիչներին, շահագրգիռ կողմերին համախմբել մեկ տեղում: Այստեղ են բիզնեսի, ՀՀ կառավարության, Հայաստան-Շվեյցարիա առևտրի պալատից ներկայացուցիչներ: Հույս ունենք, որ փորձի փոխանակումն արդյունավետ կլինի»,-ասաց նա:

Շվեյցարացի ներդրողները հետաքրքրված են ֆինանսական, դեղագործական, գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներով: Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում շվեյցարացի ներդրողները ոչ մի խնդրի առաջ չեն կանգնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում