Պաշտոնական

Էդուարդ Շարմազանովն անուրանալի է համարում հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում

2 րոպեի ընթերցում

Էդուարդ Շարմազանովն անուրանալի է համարում հայ ժողովրդի հերոսական մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Տիգրան Ուրիխանյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ նոյեմբերի 28-ին այցելել է Պիսկարյովյան գերեզմանատուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ պատգամավորների, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ ԱԺ փոխնախագահը ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադի շրջափակման ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ են խոնարհել նաեւ Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Պատվիրակության անդամները կարեւորել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հարցում հայ ժողովրդի ներդրումը: Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը ոչ միայն բարեկամ ռուս ժողովրդի, այլ նաեւ հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն է: Հարյուր հազարավոր հայորդիներ պատերազմի առաջին իսկ օրերին մեկնեցին ռազմաճակատ: Ես ինքս ռազմաճակատ կամավոր մեկնած, խորհրդային զինվոր Պետրոս Ավագյանի թոռն եմ եւ հպարտ եմ, որ պապս Ստալինգրադի հերոսական հաղթանակի կերտողներից մեկն էր: Լենինգրադի հողում հազարավոր հայեր պաշտպանում էին Լենինգրադը ֆաշիզմից: Լենինգրադի երկինքը պաշտպանում էր Նելսոն Ստեփանյանը, ծովը՝ ադմիրալ Իսակովը, Էրմիտաժը՝ Հովսեփ Օրբելին, իսկ մշակութային կյանքը՝ Վահրամ Փափազյանը: Անուրանալի է հայ ժողովրդի հերոս զավակների դերը Լենինգրադի շրջափակման հաղթահարման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում