Հայ-ռուսական հարաբերություններն իրապես դաշնակցային բնույթ են կրում. Շարմազանով
2 րոպեի ընթերցում
![Հայ-ռուսական հարաբերություններն իրապես դաշնակցային բնույթ են կրում. Շարմազանով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/914034.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում նոյեմբերի 27-ին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում:
«Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով եւ կրում են իրապես դաշնակցային բնույթ»,- ընդգծել է պարոն Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Մակարովին Սանկտ Պետերբուրգում ականավոր հայորդի Միքայել Լոռիս-Մելիքովի մահվան 130-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար՝ նշելով, որ սա եւս մեկ առիթ է ընդգծելու հայության նշանակալի եւ ծանրակշիռ ներդրումը Ռուսաստանի եւ մասնավորապես Սանկտ Պետերբուրգի հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում:
Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Վյաչեսլավ Մակարովին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի եւ Հայ-ռուսական դաշնակցային պայմանագրի 20-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է դեկտեմբերին այցելել Հայաստան: