ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի արարողությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի նստավայրում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-մոլդովական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

«Հարգելի՛ Իգոր Նիկոլայի,

Ցանկանում եմ ևս մեկ անգամ համոզմունք հայտնել, որ Ձեր այցը Հայաստան կհարստացնի մեր հարաբերությունների և համագործակցության օրակարգը քաղաքական, տնտեսական, հումանիտար բնագավառներում, որովհետև իրականում մենք դրա կարիքն ունենք, և այն բխում է մեր ժողովուրդների շահերից: Երեկ Դուք եղել եք Ազգային ժողովում, այսօր կհանդիպեք Հայաստանի վարչապետի հետ, այսինքն՝ հնարավորություն կա բոլոր հարցերի շուրջ բանակցություններ վարելու:

Իհարկե, մենք շատ ընդհանուր բան ունենք և՛ երկկողմ հարաբերություններում, և՛ մեր ժողովուրդների ձգտումներում, ինչպես նաև մեր անձնական ձգտումներում, և համագործակցության միջոցով կհասնենք հաջողությունների: Կարծում եմ՝ մենք միայն այդպես պետք է առաջ շարժվենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն այցի համար: Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարել, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ խնդիրների շուրջ ենք խոսել»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Մոլդովայի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի և, իր բնորոշմամբ, հրաշալի ընդունելության համար՝ ընդգծելով, որ համոզված կարող է ասել՝ այցն արդյունավետ էր, ինչպես և սպասվում էր:

«Մենք երեկ, ըստ էության, անդրադարձանք մեր երկկողմ համագործակցության բոլոր հարցերին: Պայմանավորվեցինք, որ առաջիկայում կանցկացնենք միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հուսով եմ, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսին՝ գործարարների համաժողովի հետ միասին:

Մենք երեկ շատ արդյունավետ շփումներ ունեցանք խորհրդարանի ղեկավարության և պատգամավորների հետ: Պայմանավորվեցինք, որ նախաձեռնությամբ հանդես կգանք, և Հայաստանի խորհրդարանի այն պատգամավորներին, ովքեր պետք է աշխատեն միջխորհրդարանական բարեկամության խմբում, կհրավիրենք Մոլդովա: Հուսով եմ, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: Մենք քննարկեցինք նաև մեր երկրների համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար:

Պարո՛ն Նախագահ, սպասում ենք Ձեզ Մոլդովայի Հանրապետությունում»,- ասել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:

Հայերեն English Русский

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. կան ձերբակալվածներ

Շինարարների փողոցը բարեկարգվելու է և վերադարձվի երևանցիներին. Տիգրան Ավինյան

Քիշնևը բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Երևանի հետ․ Մոլդովայի ԱԳՆ

Դիվանագիտության պետք է խթանի երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը. Վահագն Խաչատուրյան