«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում այսուհետ կգործի Նիկողայոս Նիկողոսյանի անունը կրող ցուցասրահը
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում բացվել է ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի Գեղարվեստի Ակադեմիայի ակադեմիկոս, ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս (Նիկոլայ)Նիկողոսյանի անունը կրող ցուցասրահը: Նորաբաց ցուցասրահում ցուցադրվում է կենդանի լեգենդի մոսկովյան հավաքածուի հաստոցային դիմաքանդակների ընտրանի շարքի աշխատանքները:
Լայն հասարակությանը նա առավելապես հայտնի է որպես գիտության, մշակույթի և պատմական ճանաչված գործիչների, բազմաթիվ հաստոցային դիմաքանդակների և Երևանում ու Մոսկվայում կանգնեցված մոնումենտալ մի շարք հուշարձանների հեղինակ:
Պատկերասրահում նոր ցուցասրահ բացելու միտքը պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանինն էր, իսկ նախաձեռնությանը միացել ու աջակցել է Նիկողայոս Նիկողոսյանի դուստրը: Ցուցանմուշները ներկայացվելու են մշտական ցուցադրությամբ: «Համարվելով խորհրդահայ արձանագործության ռահվիրաներից մեկը՝ սոցիալիստական հեղափոխության համարյա հասակակից արվեստագետը խորհրդային տարիներին կարողացել է պահպանել ազատ ստեղծագործական ինքնարտահայտումը։
Բրոնզաձույլ, մարմարե, գրանիտե դիմաքանդակները և կիսանդրիներն աչքի են ընկնում պլաստիկական լուծումների ընդհանրացված ամբողջականությամբ, դիպուկ են հոգեբանական բնութագրով` մարդկանց մասին քարե լուռ պատմություն հիշեցնող»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պատկերասրահի արվեստաբան- Էքսկուրսավար Գոհար Սմոյանը՝ փաստելով, որ ցուցահանդեսին ներկայացված Նիկողոսյանի քանդակները արտահայտում են սոցռեալիզմի ու սոցռեալիզմից խորհրդային մոդեռնիզմ անցումնային շրջանի բարքերը, պատմությունն ու հիշողությունները` իրենց մեջ պարունակելով տեսանելի և միաժամանակ թաքնված ճշմարտություն` իր ողջ խորությամբ: 99-ամյա Նիկողայոս Նիկողոսյանն այսօր բնակվում է Մոսկվայում: Նա Ասլամազյան քույրերից փոքր քրոջ՝ Թամարայի ամուսինն է: