Ճամբարակի հիմնանորոգված մանկապարտեզ է հաճախելու 120 երեխա
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 120 նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ իր դռները բացեց հիմնանորոգ եւ արդիականացված թիվ 3 մանկապարտեզը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հունիսից եւ ավարտվել այս տարվա հոկտեմբերի վերջին:
Հիմնանորոգման համար «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից հատկացվել էր 162 միլիոն դրամ: Հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի», Ճամբարակի քաղաքապետարանի, քաղաքի կրթամշակութային հաստատությունների տնօրեններ եւ աշխատակիցներ, Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարներ, ծնողներ: Բացման խոսքով հանդես եկավ Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը:
«Թույլ տվեք մեր քաղաքի բնակչության եւ քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» տնօրինությանը,«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությանը, շինարարներին, Գեղարքունիքի մարզպետարանին՝ մեր համայնքին նման աջակցություն ցուցաբերելու, մեր երեխաներին անգնահատելի այսպիսի նվեր մատուցելու համար:
Նման արդիականացված ու գեղեցիկ հաստատություն ունենալը նշանակում է, որ մեր երեխաներն ունեն հուսալի ապագա, կրթվելու եւ դաստիարակվելու ամենալայն հնարավորությունները: Իսկ առջեւում մեզ սպասելու են նոր հայրենաշեն ձեռնարկներ, զարգացման նոր հնարավորություններ»,-ներկաներին բացման ու շնորհավորանքի խոսքով դիմեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը:
«Այս կարեւոր ձեռնարկը մեկ անգամ եւս հաստատում է, որ մեր պետությունն առանձնակի մոտեցում է ցուցաբերում սահմանամերձ բնակավայրերի հիմնախնդիրներին, անում հնարավորը, որպեսզի բարելավվեն մարդկանց կենսապայմանները: Կարծում եմ, որ առաջիկայում եւս մենք միասին այսօրվա տոնական տրամադրության պես նոր հիշարժան օրեր կնշանավորենք՝ մասնակից լինելով նոր նորոգված կառույցների բացման արարողություններին: Շնորհավորում եմ բոլորիդ այսօրվա կապակցությամբ, ցանկանում, որ մեր երեխաները հասակ առնեն, դաստիարակվեն ու կրթվեն միայն խաղաղ երկնքի տակ»,-ասաց Գեղարքունիքի մարզպետ կարեն Բոթոյանը:
Ողջունելով ներկաներին՝ Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Մելքումյանը հավաստիացրեց, որ նորանորոգ մանկապարտեզը մանկավարժներին ու դաստիարակներին կմղի էլ ավելի նվիրական ու նպատակաուղղված աշխատանքի:
Մանկապարտեզի սաները ներկաներին ողջունեցին երգերով, պարերով ու ասմունքով: Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի հավաստմամբ՝ մանկապարտեզը գործունեությունը չի դադարեցրել շինարարության ողջ ընթացքում՝ պարապմունքներն անցկացնելով մեկ այլ մանկապարտեզի շենքի տարածքում:«Մանկապարտեզի շենքը նորոգվել ու արդիականացվել է ամբողջությամբ՝ կտուրով, հատակով, դուռ-լուսամուտներով, սանհանգույցներով, խոհանոցային ու ճաշարանային մասերով, 4 խմբերի համար նախատեսված հանգստի եւ պարապմունքների սենյակներով:
Շենքն ունի լոկալ ջեռուցում, նաեւ՝ արեւային ջրատաքացուցիչներ, որի շնորհիվ կազմակերպությունում կրճատվելու են ջեռուցման ու տաք ջրի մատակարարման հետ կապված ծախսերը: Կահավորման համար մեզ նկատելի օժանդակություն է ցույց տվել «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը: Քաղաքապետարանի միջոցներից եւս կահավորմանը հատկացվել է 1 միլիոն դրամ: Որոշակի օժանդակություն էլ առաջիկայում ցուցաբերելու է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը»: Մանկապարտեզը գործելու է շուրջտարյա, ամենաարդիականացված պայմաններում»,-նշեց Յուրա Ավալյանը: