Քաղաքականություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը իշխող ՀՀԿ-ի քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներից է. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Կարեն Կարապետյանը իշխող ՀՀԿ-ի քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներից է. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներից է և անհեթեթ է որակում գնահատականները, թե ՀՀԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 30-ին մեկնարկած 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումներին բոյկոտել են վարչապետին: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հնչող գնահատականներին, թե բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իշխող ՀՀԿ-ն բոյկոտել է վարչապետին, քանի որ քննարկումներին չեն մասնակցել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ բոլոր այդ անձինք, ում անունները նշվել է, գործուղման մեջ են, Կորյուն Նահապետյանը դահլիճում է եղել, իսկ Խոսրով Հարությունյանը ընդամենը 5 րոպե ուշացել է քննարկումներից: ԱԺ փոխնախագահը նաև շեշտեց, որ հոկտեմբերի 31-ի քննարկումներին էլ մեծամասամբ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն են մասնակցում.

«Այս պահին 11-12 պատգամավոր են մասնակցում, որից 8-ը`ՀՀԿ-ական. սա՞ է բոյկոտումը: Կարեն Կարապետյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչն է, նախագահի, մեր թիմի կողմից նշանակված վարչապետն է, մենք մի թիմ ենք ներկայացնում: Բոլոր փորձերը`ստվեր գցել եւ փորձել ինչ-որ բաներ տեսնել կառավարության և Ազգային ժողովի մեծամասնության միջև, անթույլատրելի են»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա հավելեց, որ ԱԺ նախագահը գործուղման մեջ է, ինքը՝որպես ԱԺ փոխնախագահ, տեղում է, խմբակցության ղեկավարը գործուղման մեջ է, խմբակցության քարտուղարը տեղում է, հանձնաժողովների նախագահները նույնպես տեղում են: Սա մեր բյուջեն է, մեր կառավարության և մեր վարչապետի բյուջեն է, Հանրապետականն էլ սատարում է այս բյուջեն»,- եզրափակեց Շարմազանովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում