Մարզային

Գեղարքունիքում ավարտվել է կարտոֆիլի բերքահավաքը. իրացման խնդիր չկա

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում ավարտվել է կարտոֆիլի բերքահավաքը. իրացման խնդիր չկա

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հոկտեմբերի վերջին օրվա դրությամբ ամբողջովին եւ անկորուստ ավարտվել է կարտոֆիլի բերքահավաքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների եւ տնտեսությունների ղեկավարներ, հոկտեմբերի վերջին օրերի ընթացքում գրանցված բարենպաստ եղանակը հնարավորություն ստեղծեց, որպեսզի բոլոր փոքր կամ խոշոր տնտեսությունները հասցնեն անկորուստ հավաքել բերքը մինչեւ վերջին հեկտարը: Կարեւոր է նաեւ այն, որ այս տարի տնտեսությունները բերքի իրացման խնդիր չունեն: «Այս պահի դրությամբ Վարդենիսի տարածաշրջանի բոլոր տնտեսություններում, որտեղ հիմնականում մարզի կարտոֆիլի ցանքերի մեծ բաժինն է, բերքահավաքն ամբողջովին ավարտված է:

Մեծածախ գներով տեղում պարենային կարտոֆիլը վաճառվում է 150, միջին չափի բերքը՝ 130 դրամով: Սերմացուն վաճառվում է 170-200 դրամով: Բերքի մի մասն էլ տնտեսությունները պահեստավորում են՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու ակնկալիքով:

Ճիշտ է, այս տարի բերքատվությունը նախորդ տարվա համեմատ նվազ ստացվեց, բայց տնտեսությունների համար շահավետ գինը հիմնականում փակում է կորուստները, ապահովում սպասված եկամուտները: Տնտեսությունների համար ձեռնտու շուկայական ներկա գինը նաեւ հնարավորություն է տալիս, որ մարդիկ մարեն ցանքի եւ մշակության նպատակով վերցված պարտքերը եւ նախապատրաստվեն եկող տարվա ցանքին»,-ներկայացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում