Մեսսին և ընկերները չեն ցանկացել խաղալ Ադրբեջանի հավաքականի հետ
1 րոպեի ընթերցում
![Մեսսին և ընկերները չեն ցանկացել խաղալ Ադրբեջանի հավաքականի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/10/910610.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստները թիմի ավագ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ չեն ցանկացել ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հավաքականի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Oxu.Az–ը:
Հաղորդվում է, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ծրագրել էր նախքան Նիգերիայի հետ ընկերական խաղը հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի և Ուկրաինայի հետ՝ հաշվի առնելով այդ երկրների մոտ գտնվելը Ռուսաստանին, որը 2018 թվականին հյուրընկալելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:
Սակայն ֆուտբոլիստները հայտարարել են, որ նախընտրում են հանդիպում անցկացնել Նիգերիայի հետ: Այս մասին ասոցիացիային է հայտնել թիմի ավագ Լիոնել Մեսսին:
Արգենտինայի և Նիգերիայի ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին Կրասնոդարում: Երկու թիմերն էլ արդեն ունեն Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր: