Մարզային

Դրախտիկ-Շորժա-Վարդենիս մայրուղու փլվածքի վերականգնումը մոտենում է ավարտին

2 րոպեի ընթերցում

Դրախտիկ-Շորժա-Վարդենիս մայրուղու փլվածքի վերականգնումը մոտենում է ավարտին

ԳԱՎԱՌ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում պետական միջոցներով շարունակվում են Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով Դրախտիկ-Շորժա-Վարդենիս մայրուղու փլվածքի վերականգնման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ընկերության տնօրեն Արարատ Քոչարյանը, վերականգնվող փլվածքի երկարությունը 200 մետր է, խորությունը՝ մոտ 15 մետր: Փլվածքի վերականգնման եւ մայրուղու անվտանգության ապահովման համար պետբյուջեից հատկացվել է 98 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները կավարտվեն նոյեմբերի վերջերին:

«Փլվածքը վերականգնվում է գաբիոնային շարվածքով՝ մետաղական ցանցավանդակների մեջ քարեր լցնելով: Նախատեսված է տեղադրել 4770 հատ գաբիոն, որոնցից 3600-ն արդեն շարված են, կամ՝ կատարված է աշխատանքների մոտ 85 տոկոսը: Նախ փորում ենք հիմքը, որտեղ լցնում ենք մեծ ապառաժներ, որոնց վրա էլ շարվում են գաբիոնները: 200 մետրից 59 մետրը շարվելու է 8 մետր բարձրությամբ եւ 4 մետր լայնությամբ, մնացած 141 մետրը՝ 3,5 մետր բարձրությամբ եւ 3 մետր լայնությամբ:

Ցանցավանդակները գործվում են ցինկապատ մետաղալարով, որի ձեռքբերման համար որոշակի դժվարություններ առաջացան, եւ կարճ ժամանակով մեր աշխատանքները դադարեցին, սակայն հիմա ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շինարարությունը ժամանակին ավարտելու համար: Շինարարության ընթացքում գրանցվել են ուժեղ ալեկոծություններ, որոնց փորձությանը դիմացել են մեր շարած պատնեշները»,-ասաց Արարատ Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում