ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանում սոցիալական ծրագրերի իրականացմանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունն առաջնային տեղ է հատկացնում սոցիալական ծրագրերին: Դեսպանատան աջակցությամբ նախատեսվում է Արագածոտնի մարզի Կարբի գյուղում կառուցել պոլիկլինիկա: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը, գյուղը նոր պոլիկլինիկայի կարիքն ունի:

«Կարբիում ներկայում գործում է ամբուլատորիա: Այն չափերով փոքր է և մեր համայնքից բացի սպասարկում է շրջակա գյուղերի` Սաղմոսավանի, Արտաշավանի, Օհանավանի բնակիչներին: Կարող եմ ասել, որ ամբուլատորիայի պայմաններն այնքան էլ լավ չեն: Այս նոր պոլիկլինիկան կունենա ավելի լավ պայմաններ` նոր գույք, սարքավորումներ: Նախատեսված է նաև առանձին լաբորատորիա: Ծրագրով առաջարկվել է, որ պոլիկլինիկան ունենա նաև 2 հիվանդասենյակ: Այնպիսի դեպքերում, երբ հիվանդին կարճաժամկետ պահելու անհրաժեշտություն առաջանա, հնարավոր լինի պահել»,-ասաց համայնքի ղեկավարը:

Նա նաև առաջարկել է, հնարավորության դեպքում, ծննդատան բաժանմունք ևս հիմնել, սակայն դա դեռ քննարկվում է: Նախնական տեղեկություններով ծրագիրը կմեկնարկի առաջիկա ամիսներին, եթե աշխատանքներն ըստ ծրագրվածի ընթանան, ապա 2018 թվականի վերջին Կարբի գյուղը կունենա նոր պոլիկլինիկա:

Դեսպանատան հետ համագործակցության փորձ ունի Տավուշի մարզի Կողբ գյուղի Բագրատ Սահակյանի անվան դպրոցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Ամալյա Ղարագյոզյանը նշեց, որ արդեն 1 մլն 887 հազար դրամի աջակցություն է ցուցաբերվել, ինչի շնորհիվ տեղադրվել են պատուհաններ, դռներ:

«Դիմեցինք աջակցության համար, մեզ ասացին ներկայացրեք առաջնահերթ ծրագրերը: Մենք կիսավթարային կիսածածկ ունենք, սակայն մարզպետարանը աջակցում է, այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են: Մենք էլ մտածեցինք առաջարկել դռները, պատուհանները փոխելու ծրագիր: Մեր դպրոցը վառելափայտով է տաքացվում, նոր դռներն ու պատուհանները կնպաստեն դասասենյակներում ջերմությունը պահելուն»,-ասաց տնօրենը: Այդ աշխատանքներից հետո համագործակցությունը չի դադարի: Նոր փուլով դպրոցի մասնաշենքերում կշարունակվի դռների տեղադրման գործընթացը: Այս փուլի համար նախատեսված է 1 մլն 400 հազար դրամ: Արդեն գումարը փոխանցված է, աշնանային արձակուրդի ընթացքում դա էլ կարվի: Դպրոցում սովորում են 245 աշակերտ: Տնօրենը նկատեց, որ 1972 թվականին կառուցված դպրոցը հիմնանորոգման, գույքի թարմացման կարիք ունի:

Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատունն աջակցություն է ցուցաբերում նաև «Վեդու բժշկական կենտրոն»-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը նշեց, որ աջակցության շնորհիվ մանկական բաժանմունքը կունենա նոր գույք:

«Հիմա մենք վերանորոգում ենք մանկական բաժանմունքը, դա արվում է մարզպետարանի աջակցությամբ: Մենք բաժանմունքի գույքը թարմացնելու կարիք ունենք: Մեզ խորհուրդ տվեցին դիմել ԱՄԷ-ի դեսպանին: Պատասխանը չուշացավ, և մենք շուտով կունենանք նոր մահճակալներ: Գույքը թարմացնելու անհրաժեշտություն կա, եղածը 40 տարվա է: Կարծում եմ, այս տարվա ընթացքում մահճակալները տեղ կհասնեն»,- ասաց Մելքոն Տալոյանը:

Բժշկական կենտրոնի տնօրենը հատուկ նշեց, որ ընդհանուր հիվանդանոցն ունի գույքը թարմացնելու, պայմանները բարելավելու խնդիր: Մահճակալներից բացի, նոր կախիչների, պահարանների կարիք կա: Մանկական բաժանմունքում սարքավորումների առումով պայմաններն ավելի լավ են:

Հայերեն English

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը