Քաղաքականություն

Կառավարությունում ընթանում է Կարապետյան-Մեդվեդև առանձնազրույցը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունում ընթանում է Կարապետյան-Մեդվեդև առանձնազրույցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներ Կարեն Կարապետյանի ու Դմիտրի Մեդվեդևի բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընթանում է Կարապետյան-Մեդվեդև առանձնազրույցը, որի ավարտից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով՝ երկու երկրների կառավարությունների անդամների մասնակցությամբ:

Սպասվում է, որ բանակցություններից հետո կստորագրվեն միջկառավարական, միչգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթեր, որից հետո Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

ՌԴ վարչապետին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Կարեն Կարապետյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո ժամանել ՀՀ կառավարություն:

Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հայտնի է, որ հոկտեմբերի 25-ին Երևանում կայանալու է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում