Պաշտոնական

Մեքսիկացի պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Մեքսիկացի պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնը հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է օտարերկրացի պատգամավորների այցելություններն Արցախ եւ հավելել. «Դրանք եւս մեկ քայլ են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին: Նման այցերի միջոցով ժողովրդավար եւ անկախ Արցախն ու արցախցիների ազատատենչ ոգին աշխարհին առավել ճանաչելի են դառնում»:

Էդուարդ Շարմազանովը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի հերթական խախտումը՝ հավելելով, որ սա ցույց է տալիս, որ այդ պետությունը նույնիսկ Ժնեւի հանդիպումից հետո պատրաստ չէ կառուցողական քայլերի: Նա դատապարտել է նաեւ շփման գծում Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ» զինատեսակի կիրառումը, ինչն ակնառու է դարձնում Ադրբեջանի հանցագործ էությունը: Ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի՝ միջազգային կառույցները պարտավոր են դատապարտել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառումը:

Շարմազանովն անդրադարձել է նաեւ միջազգային կառույցներում Արցախի ճանաչման խնդիրը ներկայացնելուն ուղղված ջանքերին եւ ընդգծել. «ՀՀ ԱԺ խորհրդարանականները շարունակելու են օգտագործել անհրաժեշտ բոլոր լծակները` Արցախի ժողովրդի արդար պահանջը խորհրդարանական տարբեր հարթակներում բարձրացնելու համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում