ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի եւ Իռլանդիայի խորհրդարանների ղեկավարների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններով, ինչպես նաեւ գրեթե նույն ճակատագրով: Պարոն Բաբլոյանի խոսքով՝ հայ եւ կիպրացի ժողովուրդների միջեւ պատմականորեն հաստատված եղբայրական հարաբերությունների վառ վկայություններից մեկը դեռեւս 1975 թ-ին Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է: Նա երախտագիտություն է հայտնել 2015 թ-ի ապրիլի 2-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի միաձայն ընդունման համար:

Արա Բաբլոյանը, խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին, ընդգծել է, որ հակամարտության լուծման բանակցային եղանակն այլընտրանք չունի: Այս հարցում նա բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Կողմերը կարեւորել են խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների առավել ակտիվացումը, համագործակցությունը միջխորհրդարանական կառույցներում:

Անդրադարձ է կատարվել Կիպրոսի հայ համայնքին. նշվել է, որ հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են, մեծ դեր ունեն երկրի հասարակական ու քաղաքական կյանքում, ինչպես նաեւ մեր երկու երկրները շաղկապող կարեւոր օղակ են:

Խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իռլանդիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շոն Օ Ֆարիլի հետ:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Իռլանդիայի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ ձեւաչափերում: Նրա կարծիքով՝ Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման եւ հարաբերությունների զարգացման համար առկա է մեծ ներուժ:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների, այդ թվում Իռլանդիայի հետ հարաբերությունների զարգացմանը:

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի խնդիրներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է հիմնախնդրի կարգավորման հարցում Իռլանդիայի հավասարակշռված դիրքորոշումը: «Հայաստանը հավատարիմ է հակամարտության` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ բարձր է գնահատում այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հետեւողական ջանքերը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Կողմերը միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը. այն երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել բարեկամական խմբերի միջեւ կապերի ամրապնդումը:

Իռլանդիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրները բազմաթիվ նմանություններ ունեն: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլերը:

Անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը՝ Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահը համոզմունք է հայտնել, որ այդ հարցում միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:

Շոն Օ Ֆարիլը նշել է, որ Իռլանդիայում ապրող հայերը մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահին հրավիրել է Հայաստան:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան