Ջերմուկն անճանաչելիորեն կփոխվի. նախատեսվում են 30 մլն դոլարի ներդրումային ծրագրեր

4 րոպեի ընթերցում

ՋԵՐՄՈՒԿ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկը քաղաքաշինական հատուկ կարգավորման տարածք է, ուստի այստեղ իրականացվող ծրագրերն ամբողջությամբ գտնվում են հանրապետության Նախագահի անմիջական համակարգման ներքո: Այդ մասին նշել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ջերմուկում շրջայցից հետո: «Մենք Նախագահի հանձնարարությամբ մշակել ենք քաղաքի զարգացման ծրագիր, որն այս պահին կոնկրետ ուրվագծեր է ստացել: Մասնավոր ներդրումների հաշվին քաղաքի կենտրոնական հատվածի ամբողջական քաղաքաշինական աշխատանքները փորձելու ենք ավարտել մոտակա երեք տարիների ընթացքում: Մասնավոր ներդրողները սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել Ջերմուկի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Նարեկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Նախագահի շրջայցի ընթացքում ներկայացրել են նոր մոնոլիտ երկաթբետոնե կամրջի կառուցման աշխատանքները:

Ըստ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի, ընթացիկ աշնանը կսկսվեն Ջերմուկի լճի ամբողջական բարեկարգման աշխատանքները, որոնք կշարունակվեն եկող տարի: «Ջերմուկում կառուցվելու է հետիոտն նոր փողոցային ողնաշար, ստեղծվելու է քաղաքային հրապարակ՝ նորակառույց երկու շենքով, որտեղից էլ հիմնվելու է 700 մետր երկարությամբ ճեմուղի՝ իր լուսավորությամբ, նստարաններով, կահավորման ամբողջական էլեմենտներով»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով, Ջերմուկում իրականացվում է նաև բնական հանքային ջրերից թերմալ սպա կենտրոնի կառուցման խոշոր ծրագիր, որտեղ լինելու են և բացօթյա, և ծածկված լողավազաններ: Տվյալ ներդրումային ծրագիրը գնահատվում է 20 մլն դոլար: Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ Ջերմուկում ընդհանուր ներդրումների ծավալն առաջիկա երեք տարիների ընթացքում գերազանցելու է 30 մլն դոլարը:

«Նշված շինարարական աշխատանքները կսկսվեն մոտակա օրերին և ամբողջական տեսանելի կլինեն, երբ բացվի շինարարական շրջանը՝ 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին: Քաղաքն անճանաչելի կփոխվի, հանրապետության Նախագահի հանձնարարականը կիրականացվի ամբողջությամբ և վստահեցնում ենք, որ կունենանք զբոսաշրջային ակտիվ կենտրոն»,- ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:

Ըստ նրա, մի շարք ներդրումային հարթակներում առաջիկայում ներկայացվելու են այլ ներդրումային ծրագրեր ևս: «Կեչուտի ջրամբարի շուրջ նախատեսվում է կառուցել շվեյցարական ավան, քաղաքում իրականացնել փոքր ավիացիայի կենտրոնի հիմնման ծրագիր, ինչը խթանելու է հատկապես արաբական երկրներից զբոսաշրջությունը: Վստահ ենք, որ այս տարիների ընթացքում կհաջողվի իրականացնել նաև Ջերմուկից-Սիսիան տանող ճանապարհի կառուցման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա քաղաքն ամբողջապես հանել փակուղային վիճակից և այն ուղիղ կապել հյուսիս-հարավ ավտոճանապարհին»,- ասել է Նարեկ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հոկտեմբերի 7-ի առավոտյան տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ջերմուկում, դիտել քաղաքի ձախափնյա թաղամասում սկսված շինարարական աշխատանքների ընթացքը:

Հայերեն English

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը