Որակյալ և մրցունակ կրթությունը բարեկեցության երաշխիքն է. Արա Բաբլոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ:

Որքան էլ փոփոխվի աշխարհը, ինչ նվաճումներ էլ արձանագրվեն, ուսուցչի կարիք միշտ էլ ունենալու ենք, որովհետեւ միշտ էլ սովորելու կարիք ունենք: Հայտնագործությունների ու տեխնոլոգիաների, հակամարտությունների ու մարտահրավերների մեր ժամանակներում ուսուցիչը կոչված է ոչ միայն պահպանել ոգու ամրությունն ու սթափությունը, այլեւ գիտելիքի հետ մեկտեղ դրանք փոխանցել աշակերտին` օգնելով գտնել կյանքի ճիշտ ճանապարհը, ինքնուրույն մտածել, որոշումներ ընդունել եւ պատասխանատվություն ստանձնել այդ որոշումների համար: Ուստի ուսուցչի աշխատանքը, մեծ պատիվ ու պատասխանատվություն լինելով, միաժամանակ նաեւ հնարավորություն է` իսկական բավականություն ստանալու ցանած սերմի արդյունքը տեսնելիս:

Որակյալ եւ մրցունակ կրթությունը մարդկային բարձր ինքնագիտակցության եւ բարեկեցության երաշխիքն է, ուժեղ երկիր ու արժանապատիվ հասարակություն ունենալու հուսալի ճանապարհը: Այդ ամենի հիմնարկեքը մեր գիտակցության մեջ եւ մեր հոգիներում կատարում եք դուք, սիրելի՛ ուսուցիչներ՝ շարունակաբար նպաստելով յուրաքանչյուրիս զարգացմանը: Դուք մեր առաջին հաջողությունները կերտողն եք, առաջին դժվարությունները հաղթահարելու աջակիցը, առաջին գիտելիքը մատուցողը, ում հիշում ենք ողջ կյանքում:

Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք երեխաներին, այն գիտելիքի համար, որ փոխանցում եք աշակերտին, մարդկային այն բարձր որակների համար, որ ձեւավորում եք նրա մեջ` ապահովելով երկրի հիմքի ամրությունը:

Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ, առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն»:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան