Պաշտոնական

ՀԱՊԿ ԽՎ պատգամավորները պետք է դատապարտեն Ադրբեջանի կողմից ԼՂ խնդրին կրոնական երանգ տալը. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ ԽՎ պատգամավորները պետք է դատապարտեն Ադրբեջանի կողմից ԼՂ խնդրին կրոնական երանգ տալը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի առաջիկա նիստի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայկական պատվիրակության ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ ԽՎ-ի աշխատանքներին:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում` նշելով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք մնալ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար:

«Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ բացահայտ քարոզում է հայատյացություն` փորձելով նաեւ արցախյան հիմնախնդրին տալ կրոնական երանգ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռասիստական քաղաքականությունը եւ անթույլատրելի ենք համարում խնդրին կրոնական երանգ հաղորդելը: Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում