Երևանյան բեսթսելեր 4/76. «Նա, ով մենակ է», «Քաջ Նազար» գրքերն ամենավաճառվածների աղյուսակում են
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը այս շաբաթ կրկին գլխավորում էՄարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»ժողովածուն երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վերադարձել է ցանկ և երրորդ տեղում է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը»լավատեսական շեշտադրմամբհանրահայտ ու սիրվածվեպը բարելավել է իր դիրքերը և չորրորդն է: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:
Հինգերորդ տեղում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» գիրքն է: Oրնիբուն տանն անգործ թեք ընկած, ականջը մեծաբերան կնոջ հեգնանքի հեղեղին` Նազարը խորհրդածում է իր ազնվազարմ ծագման շուրջ` չկասկածելով անգամ, թե ինչ երևելի սխրանքներ են իրեն սպասում: Կինը` Ուստիանը, ետ չի մնում ամուսնուց` ինքն էլ փայփայելով իր երբեմնի ազնվազարմության կարոտախտը: Այսպես է սկսվում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը» հարատևորեն արդիական երկը, որը կարելի է համաշխարհային հեքիաթագրության լավագույն նմուշներից մեկը համարել:
Վեցերորդ հորիզոնականում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել1890թվականիհուլիսին անգլիական թերթերից մեկում։
Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպը երկարատև բացակայությունից հետո վերադարձել է մեր աղյուսակ և զբաղեցրել յոթերորդ պատվավոր տեղը: Այն դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ են, ովքեր ամբողջովին տրված են սիրո պարգևած կրքին՝ այրվելով դրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:
Գերմանացի մեծագույն բանաստեղծ Գոթֆրիդ Բենի «Նա, ով մենակ է» ստեղծագործությունը ութերորդն է: Գ. Բենը գրական մոդեռնիզմի, գերմանական էքպրեսիոնիզմի նշանավոր դեմքերից է, Շտեֆան Գեորգեի ու նրա գրական խմբակի գաղափարապաշտ հետևորդն ու անխոնջ նորարարը: Գրքում ներառված «Քնարերգության հիմնախնդիրներ» բանախոսության մեջ գրողը ձևակերպել է իր քերթողական հավատամքը. «կյանքից քաղած անբովանդակ բանաստեղծությունը» շնչավորողը գեղարվեստական ձևն է, որն, ըստ նրա, լինելու է գալիք դարերի արվեստի գլխավոր խնդիրը:
Իր դիրքերը զիջել և իններորդ տեղում է հայտնվել ամերիկացի գրողՖրենսիսՍքոթՖիցջերալդի«ՄեծնԳեթսբին», որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը: Գրքի հիման վրա նկարահանված կինոնկարը մեծ հաջողություն է ունեցելկինոարվեստում:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար»գիտաֆանտաստիկ երկը: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի1959 թ.ապրիլյան համարում։ Արժանացել է«Հյուգո»մրցանակի՝ որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվանվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես1966 թվականիլավագույն վեպ։
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 29 |
| 2 | 0 | ![]() |
Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» |
Անտարես | 29 |
| 3 | * | ![]() |
Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» |
DirectMEDIA | 11 |
| 4 | +2 | ![]() |
Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» |
Անտարես | 10 |
| 5 | Նոր | ![]() |
Դերենիկ Դեմիրճյան «Քաջ Նազար» |
Զանգակ | 7 |
| 6 | * | ![]() |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 6 |
| 7 | * | ![]() |
Կամիլ Լըմոնյե «Տղամարդու սերը» |
Անտարես | 6 |
| 8 | Նոր | ![]() |
Գոթֆրիդ Բեն «Նա, ով մենակ է» |
Անտարես | 6 |
| 9 | -2 | ![]() |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 5 |
| 10 | * | ![]() |
Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» |
Անտարես | 5 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:









