Օձաբերդը մեր ժողովրդի մշակութային ամենահարուստ ժառանգություններից մեկն է. Էդուարդ Շարմազանով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 29-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Օձաբերդ ուրարտական բնակավայր, որտեղ իրականացվում են հնագիտական պեղումներ եւ ծանոթացել հնագիտական աշխատանքների ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ համայնքների ղեկավարներ:

Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը ՀՀ ԱԺ պատվիրակությանը ներկայացրել է կատարված աշխատանքները, մանրամասնորեն պատմել պեղումների արդյունքները:

Միքայել Բադալյանի ղեկավարած արշավախմբի իրականացրած պեղումներն առաջին հերթին կարեւոր են նրանով, որ Սեւանի հարավային ավազանում ուսումնասիրվում է ուրարտական շրջանի ամրոց, որի նվաճումը եւ վերակառուցումը կապված է քիչ ուսումնասիրված Ռուսա I-ի իշխանության ժամանակաշրջանի հետ: Սա այն եզակի հուշարձաններից մեկն է, որ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել ուրարտական եւ հետուրարտական պատմամշակութային գործընթացները մեկ ընդհանուր տարածքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ուսումնասիրելով հնագետների կատարած պեղումները, նշել է, որ ամբողջ աշխարհում հնագիտական վայրերը դարձել են զբոսաշրջիկների նախընտրած այցելությունների վայրեր: Օձաբերդը Ռուսա I-ի հիմնած բացառիկ ամրոց է, որը հավակնում է դառնալ զբոսաշրջության կենտրոն: <<Օձաբերդը մեր ժողովրդի մշակութային ամենահարուստ ժառանգություններից մեկն է>>,- նշել է Էդուարդ Շարմազանովը եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել արշավախմբին պեղումները շարունակելու եւ ավարտելու հարցում:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լիահույս է, որ Օձաբերդ ուրարտական հնավայրը հետագայում կդառնա Գեղարքունիքի մարզի զբոսաշրջության կարեւոր վայրերից մեկը:

Արշավախմբի ադամերը հետագայում նպատակ ունեն պեղել ամրոց- բնակավայրի, ինչպես նաեւ ամրոցից հարավ-արեւմուտք տեղակայված բլրի տարածքը, որի գագաթին նկատել են դամբարանների խցեր, իսկ ներքեւում` մինչեւ ստորոտը, պատերի հետքեր:

Հայերեն Русский

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան