ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարների դեմ հարձակման գործով Էրդողանի թիկնազորի անդամներին մեղադրանք է առաջադրվել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի նահանգի դատարանն ընդայնված կազմով որոշում է կայացրել մեղադրականներ ներկայացնել ԱՄՆ մայրաքաղաքում 2017 թվականի մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած 19 անձի, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակցի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Washington Post-ը:

Կոլումբիայի շրջանի դատախազի գրասենյակից հայտնել են, որ 19 անձի դեմ մեղադրանք է ներկայացվել բռնության նպատակով դավադրություն կազմակերպելու գործով: Համաձայն մեղադրականի՝ ենթադրյալ դավադրության նպատակն է եղել հարձակվել ու հարվածել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց հավաքված ցուցարարներին, ինչպես նաև հարձակվել այն ոստիկանների վրա, ովքեր կփորձեն դադարեցնել հարձակումը:

Դատախազի գրասենակից տեղեկացրել են նաև, որ մեղադրյալներից երկուսը ձերբակալվել են, իսկ մյուսները շարունակում են մնալ ազատության մեջ: Դեռևս հստակ չէ, թե որտեղ են գտնվում մյուս մեղադրյալները և արդյոք դիվանագիտական անձեռնմխելիությունը կարող է խանգարել նրանց դեմ հետաքննություն իրականացնելու:

Հայ դատի ԱՄՆ գրասենյակից հայտնում են, որ 19 անձի դեմ ներկայացված մեղադրանքներով (ատելության հողի վրա իրականացված հարձակում) նախատեսվում է սահմանել պատիժ մինչև 15 տարվա ազատազրկման չափով: Գրասենյակի հաղորդակցման բաժնի ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը մեղադրականների ներկայացումը կարևոր քայլ է համարել: «Ժամանակն է պահանջել Էրդողանի անվտանգության աշխատակիցների անհապաղ արտահանձնումը, իսկ Թուրքիայի Հանրապետությունը պետք է փոխհատուցի այդ սարսափելի հանցագործության տուժածներին»,- նշել է Չուլջյանը:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրածների շարքում են եղել նաև Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

Հարձակմանը մասնակից ԱՄՆ երկու թուրք քաղաքացի արդեն ձերբակալված են: Նրանց դեմ գործով առաջին դատական լսումները տեղի կունենան սեպտեմբերի 7-ին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել է թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձևին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ:

Հայերեն English Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում