Տարածաշրջանային

Թուրքիայում ավտորիտարիզմն ավելի է աճում. Օրհան Փամուկ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում ավտորիտարիզմն ավելի է աճում. Օրհան Փամուկ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգությամբ թուրք Նոբելյան մրցանակի դափնեկիր, լրագրող Օրհան Փամբուկը CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիան գնալով ավելի ու ավելի ավտորիտար և բռնատիրական պետության է վերածվում: «Թուրքիան գնալով ավելի ու ավելի է վերածվում ավտորիտար պետության՝ օգտագործելով իշխանական բոլոր հնարավոր և անհնար լծակները՝ ճնշելու հատկապես բնակչության միջին խավին», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փամուկը:

Լրագրողի այն հարցին, թե վերջին շրջանում ներքաղաքական ի՞նչ փոփոխություններ են կատարվել կամ կատարվում Թուրքիայում, Փամուկը պատասխանել է, որ հատկապես նախորդ տարվա հուլիսին կազմակերպված և ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը և նրա կուսակցությունը, մարդկանց տարբեր մեղադրանքներ առաջադրելով և ձերբակալելով, մասսայաբար աշխատանքից հեռացնելով և դավաճանության մեջ մեղադրելով, ավելի են մեծացրել և մեծացնում են առանց այն էլ գոյություն ունեցող ավտորիտար վարչակարգը: Փամուկը կարծում է, որ այսպիսի իրավիճակն անընդունելի է, և ընդդիմադիր կուսակցությունները այդ առումով պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն:

«Ես անհանգստանում եմ ինչպես իմ, այնպես էլ բոլորի կյանքի համար, քանզի այդ սպառնալիքներն ու ճնշումները կարող են բոլորի վրա ազդեցություն ունենալ և ուղղված լինել բոլորի դեմ: Չնայած այդ ամենին՝ ես դեռևս լավատես եմ և հույս ունեմ, որ Թուրքիան օրերից մի օր իսկապես դեմոկրատ կլինի», - ավելացնում է Փամուկը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նա անհանգստացա՞ծ է իր կյանքի համար:

«Աշխարհի բոլոր երկրներում էլ գոյություն ունեն խնդիրներ, սակայն Թուրքիայի ամենամեծ խնդիրը ավտորիտարիզմի աճն է, որն արդեն տարիներ շարունակ ուղեկցում է երկրի ներքաղաքական կյանքը», - խոսքն ավարտում է Փամուկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում