Պաշտոնական

Հայկական սփյուռքի շնորհիվ մենք դարձել ենք ավելի մրցունակ ազգ. Արմեն Աշոտյան

3 րոպեի ընթերցում

Հայկական սփյուռքի շնորհիվ մենք դարձել ենք ավելի մրցունակ ազգ. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Արգենտինայի հետ հարաբերությունների ընթացքը, ընդգծել միջխորհրդարանական հարթակներում որակական համագործակցության ու հանրային դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը:

Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան շնորհավորել է Արմեն Աշոտյանին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ հանձնաժողովի նախագահի անձնական ջանքերը եւ ներուժը խթան կհանդիսանան երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-արգենտինյան հարաբերությունների 25-ամյակի միջոցառումներին, քննարկել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության հարցեր: Այս համատեքստում քննարկվել են հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանն ու համագործակցության վերաբերող հարցեր:

Դեսպանը կարեւորել է Արգենտինայում հայկական սփյուռքի դերն ու ավանդը: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական սփյուռքը Հայաստանի համար ոչ միայն կարեւոր գործոն է այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման համատեքստում, այլ նաեւ ամուր հիմք՝ Հայաստանն ու հայկական աշխարհն ավելի գլոբալ եւ մրցունակ դարձնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների, տնտեսական զարգացման եւ երկկողմ առեւտրային շրջանառության խնդիրներին վերաբերող հարցերի, անդրադարձել երկկողմ պաշտոնական այցելությունների կազմակերպման հնարավորություններին:

Արմեն Աշոտյանը դեսպանին ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը, անդրադարձել Վերլուծական խորհրդի աշխատանքներին եւ դրա շրջանակում Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության հետ համագործակցության հնարավորություններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում