Երևանյան բեսթսելեր 4/70. «Եվ արձագանքեցին լեռները» վերադարձել է ամենավաճառվածների աղյուսակ

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն այս շաբաթ երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Մի քանի հորիզոնականով վեր է բարձրացել և երրորդ հորիզոնականը զբաղեցրել Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գործը, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Չորրորդ տեղում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» երկու հորիզոնականով զիջել է իր դիրքերը և հայտնվել հինգերորդ պատվավոր տեղում: Այն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Մեկ հորիզոնականով իր դրքերը զիջել և վեցերորդ հորիզոնականն է գրավել Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպը: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպն այս շաբաթ յոթերորդ տեղում է: Այն ներկայացնում է բուն և ցանկալի իրականությունը և երկուսում էլ` ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որն, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:

Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և ութերորդ հորիզոնականը զբաղեցրել Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» գիրքը: Քաբուլ տանող փոշեպատ ճանապարհին երկու երեխա՝ եղբայր ու քույր, վերջին ժամերն են անցկացնում միասին: Հետո, ասես ոչինչ չի էլ եղել: Ոչ ոք այլևս չի հիշատակի եղբոր հոգածությամբ ու սիրով երջանիկ Փարիին: Աբդուլլան չի մոռանա: Քույրը չի հիշի: Նրանց կյանքի հետագա տարիները շրջանակվում են նվիրումի, անգթության և վերադարձի պատմություններով, մինչ Աֆղանստանում կյանքը շարունակվում է աղետալի շրջադարձերով:

Իններորդ տեղում թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունն է: Վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Գիրքը Թուրքիայում կա և վաճառվում է, սակայն մինչ վաճառքի հանվելը բազմաթիվ արգելանքների միջով է անցել: Դա է պատճառը, որ այն տեղ է գտել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը եզրափակում է ամենավաճառվածների ցանկը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +3

ՕսկարՈւայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 62
2 -1

ԷդգարՀարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 33
3 +6

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 26
4 -2

Մարկ Արեն

«Այնտեղ

որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 23
5 -2

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 18
6 -1

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 13
7 -1

Գուրգեն Խանջյան

«Տուր ձեռքդ, պստլո»

Անտարես 5
8 * Խալեդ Հոսեյնի «Եվ արձագանքեցին լեռները» Զանգակ 5
9 * Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը» Անտարես 5
10 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 4
Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում