Տարածաշրջանային

Կարելի՞ է վիրավորել հայ ժողովրդի պատմությունը. Սելինա Դողանը մեջլիսում խոսել է փոքրամասնությունների իրավունքներից

6 րոպեի ընթերցում

Կարելի՞ է վիրավորել հայ ժողովրդի պատմությունը. Սելինա Դողանը մեջլիսում խոսել է փոքրամասնությունների իրավունքներից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովում «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ բարձրացրել է ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի իրավունքների պաշտպանության հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Անդրադառնալով փաթեթում ներառված այն կետերին, որոնք ենթադրում են պատիժ սահմանել մեջլիսի այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը» (խմբ.- «թուրք ազգի անցյալի վիրավորանք» է համարվում նաև Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը), Դողանն ընդգծել է, որ դրանցով պարզապես փորձ է արվում մեջլիսում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը: «Անկասկած, ոչ ոք չպետք է և չի վիրավորի թուրք ժողովրդի պատմությունն ու համատեղ անցյալը: Սակայն ի՞նչ կասեք մյուս ազգերի համար: Օրինակ հայ ժողովրդի պատմությունը կարելի՞ է վիրավորել»,- ասել է պատգամավորը:

Նա արձանագրել է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը մեկ առ մեկ լռեցնում է ժողովրդավարական երկրում անհրաժեշտ բոլոր կառույցներին: «Մեդիան լռեցված է, ակադեմիկոսները լռեցված են, գործարար աշխարհը լռեցված է, բանվորական արհմիությունները, քաղաքացիական հասարակությունը թաղված են լռության մեջ… Միակ խոսացողն ընդդիմադիր պատգամավորներն են, որոնց էլ այս փոփոխություններով փորձում եք լռեցնել»,- ասել է Դողանը: Հիշեցնելով վերջերս իրավապաշտպանների կալանավորման փաստը՝ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օրինական դաշտում գործունեություն ծավալով գործիչները մի վայրկյանում «ահաբեկիչ» են հռչակվում:

Պատգամավորը հայտնել է, որ իշխանությունների ստեղծած քաղաքական մթնոլորտը խիստ մտահոգում է Թուրքիայի փոքրամասնություններին: «Հեղաշրջման փորձից անմիջապես հետո իշխանության խոսնակը հանդիսացող լրատվամիջոցները թիրախավորեցին փոքրամասնություններին: Անցնող կիրակի Պոլսո Հայոց պատրիարքարանն աղոթք մատուցեց հուլիսի 15-ի զոհերի համար: Թուրքիայի հրեական համայնքն էլ շաբաթ օրը սինագոգներում աղոթք մատուցեց հուլիսի 15-ի զոհերի և մեր երկրի խաղաղության համար: Իսկ ի՞նչ արեց իշխանամետ մամուլը: Այն Ֆեթուլլահ Գյուլենին հայ հռչակեց, գրեց, որ Գյուլենը համագործակցում է հրեաների հետ: Անգամ ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս ծայրագույն պատրիարքին, որն իր ամբողջ կյանքը նվիրել է խաղաղությանը, առնչակից դարձրեցին զինված հեղաշրջման փորձին: Երբ իրադրությունն այսպիսինն է, ինչ եք ակնկալում, երկրում փոքրամասնություններն ինչպե՞ս պետք է մտածեն:

Փոքրամասնություններն առաջին անգամ խորհրդարանում ներկայացված են այս թվով պատգամավորներով: Եվ ներքին կանոնակարգին առնչվող այս օրենքների փաթեթով դուք խորհրդարանում արդեն կտրում եք փոքրամասնությունների ձայնը»,- հայտարարել է նա:

Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողով ներկայացված օրենքների փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Լրատվամիջոցը նշում է, որ որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթներին:

Բացի այդ, ըստ փոփոխությունների պատգամավորները կուսակցության խմբակցության առաջարկները ներկայացնելիս առավելագույնն ունենալու են հինգ րոպե: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից:

Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոր 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):

Փոփոխությունների այս առաջարկին դեմ են հանդես գալիս քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը: Վերջինիս հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով 2017 թվականին պատժվել էր մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, փոփոխությունների առաջարկն անվանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկ»:

Գարո Փայլանը 2017 թվականի հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում