ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, ավարտվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Դրանք անցան ազատ, արդար եւ թափանցիկ, ինչը հաստատում են կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրավապահ մարմինները, ինչպես նաեւ տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունները: Շնորհավորում եմ բոլորիս դեպի ժողովրդավարություն կատարած եւս մեկ կարեւոր քայլի առիթով: Ընտրական օրենսգրքի բարեփոխված տարբերակը թույլ տվեց հստակեցնել կանոնակարգերը: Հիմնականում օրենքի սահմաններում գործեցին ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները` հանձնաժողովի անդամները, թեկնածուները, վստահված անձինք: Տեղ գտած թերություններն ու ընտրախախտումները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվելու են` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու եւ օրինականությունը վերականգնելու նպատակով: Նախընտրական փուլն ունի իր կանոններն ու առանձնահատկությունները. երբեմն քաղաքական տեսակետների տարբերությունները վերաճում են կարծիքների բախման եւ հարաբերությունների շիկացման: Սակայն, իսկապես ժողովրդավար հասարակության կարեւոր առանձնահատկություններից է հետընտրական շրջանում նորմալ կյանքի վերադառնալու, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտը վերականգնելու կարողությունը: Քաղաքական հակասություններ կարող են ունենալ անգամ մտերիմ ընկերները, հարեւանները, ազգականները. վստահ եմ, որ դա չպետք է ազդի մարդկային հարաբերությունների վրա: Եւս մեկ անգամ շնորհավորելով ժողովրդավարության ճանապարհին այս կարեւոր ձեռքբերման առիթով` շնորհակալություն եմ հայտնում ընտրական գործընթացի բոլոր այն մասնակիցներին, ովքեր ապահովեցին դրանց բնականոն ընթացքը, օրինականությունը եւ իրենց մասնագիտական գործողություններով բարձրացրին ընտրությունների հանդեպ ժողովրդի վստահության մակարդակըե: