«Վարդապետի լռությունը» ժապավենում կամրջվում են ներկան ու անցյալը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, ով ցանկանում է Կոմիտաս վարդապետի մասին վեպ գրել: Կինոնկարն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում: Ժապավենի մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:
«Ժամանակին մի ընկեր ունեի, ուսուցիչ, ով նման էր Կոմիտասին և ծննդով Էջմիածնից էր, և նրա պապը Կոմիտասի ընկերն էր եղել: Նա ասում էր, որ Կոմիտասը նեղացած գնաց աշխարհից, հայերից: Հասուն տարիքում արխիվներն էի ուսումնասիրում և, կարծում եմ, հասունացավ ժամանակը Կոմիտասին անդրադառնալու համար: Սցենարը երկար է խմորվել իմ մեջ, բայց գրվել է վեց ամսում »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Վիգեն Չալդրանյանը:
Նրա խոսքով` հոգեբուժարանում իրականացված նկարահանումները բավականին բարդ ու հետաքրքիր են եղել, քանի որ նկարահանող խումբը կարճ ժամանակ է ունեցել: «Մենք իմպրովիզներ ենք շատ արել, աշխատակիցներին խնդրել ենք հնարավորինս բնական ու անմիջական լինել և գլխավոր հերոսին դիտարկել որպես հյուր: Մենք հավատում էինք մի բանի, որ սա խաղարկային ֆիլմ չէ»,-շեշտեց Չալդրանյանը:
Նա ընդգծեց, որ ստացել է իր ցանկացածի հիսուն տոկոսը միայն և հավելեց, որ ֆիլմից հանել է շատ կադրեր, որոնք լավ են ստացվել, բայց որոնցում չի տեսել այն, ինչ պետք է: «Ինձ համար լավ կինոն ճշմարիտ կինոն է: Հույզերը, զանազան էմոցիաները լավ կինոյի չափանիշ չեն: Կինոն պետք է լինի ճիշտ, բանական ու բնական»,-շեշտեց նա:
«ԱՄՆ-ում հայտնի կինոընկերություններից մեկը պայմանագիր է կնքել մեզ հետ չորս կինոնկար 18 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում տարածելու և ցուցադրելու համար: Չորսն էլ իմ ֆիլմերն են: Կարծում եմ, որ դա մեծ ձեռքբերում է, սակայն դեռ չիրականացված, քանի որ շատ խնդիրներ են առաջ եկել»,-ասաց նա և հավելեց, որ ներկայումս աշխատում է «Գրիգոր Նարեկացի» ֆիլմի ստեղծման վրա:
Նա հավելեց, որ լուծվել է նաև «Համազգային» թատրոնի հարցը: Սեպտեմբերին ԵԹԿՊԻ-ի մոտակայքում կսկսի կառուցվել նոր շենքը:
Ֆիլմի գլխավոր հերոսը հայտնի գրող և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Էդգար Նովենցն է: Նա մտադիր է հայ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտաս վարդապետի մասին վեպ գրել. հենց դրա շնորհիվ էլ կամրջվում են ներկան ու անցյալը: Հենվելով պատմական փաստերի, արխիվային փաստաթղթերի և հոգեբանական վարկածների վրա՝ Էդգար Նովենցը փորձում է վեր հանել Կոմիտասի կյանքի փարիզյան շրջանը, թափանցել Վիլժյուիֆի հոգեբուժարանում հայ ժողովրդի մեծանուն զավակի կյանքի վերջին տարիների առեղծվածի մեջ և զգուշությամբ ու նրբորեն լույս սփռել նրա Մեծ լռության վրա: «Մեծ լռություն» վեպին հավաստիություն հաղորդելու համար Նովենցը ջանում է հասկանալ իր գրական հերոսի տառապանքն ու մասն ունենալ դրանում: Որպես ազնիվ մտավորական՝ նա իր օրերի ժամանակագիրն է նաև՝մշտապես դեպքերի կենտրոնում, դեպքեր, որոնք մեծ մասամբ կատարվել են անցյալի սարսափների հետևանքով:
«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։
«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը: