Մշակույթ

«Սիմոնի ճամփան» կինոնկարը մարդու և սահմանների մասին է

4 րոպեի ընթերցում

«Սիմոնի ճամփան» կինոնկարը մարդու և սահմանների մասին է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր և պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճամփան» կինոնկարը տրագիկոմիկական պատմություն է մարդկանց ճակատագրի վրա քաղաքականության թողած ներգործության մասին: Այն այս տարի ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում: Կինոնկարի մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսորը:

«Շարմ» ընկերությունը նախաձեռնել է մի նախագիծ` բաղկացած մի քանի նովելներից, որոնք տարբեր թեմաներով են, ոճերով, և տարբեր ռեժիսորներ են աշխատել դրանց վրա: «Սիմոնի ճամփան» դրանցից մեկն է: Այն մեր մասին է. ընտրությունների, սահմանի, մարդկային հարաբերությունների, ուստի չէինք կարող չանդրադառնալ նաև հայ-թուրքական սահմանին: Լավ է, որ Բաղդասարյանի հետ կարողացանք հետաքրքիր կինո ստեղծել` թեթև ու միաժամանակ խոր, և կյանքը ցույց տվեց, որ այն որպես կարճամետրաժ ֆիլմ իր կյանքով է ապրում ու բարձր գնահատականի արժանանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

Կինոնկարի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի խոսքով` ինքը ֆիլմ է ստեղծել մարդու և սահմանի մասին, որը հայերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ է արծարծում:

Նա շեշտեց, որ շատ անգլիացիներ ասում են, թե ժապավենը հայերի ինքնանույնականացման մասին է: «Ես այնքան էլ համաձայն չեմ: Դրանում շատ է հեգնանքը, որի պակասը կա մեր կինոարվեստում: Շատ եմ կարևորում նաև գլխավոր դերակատարի` Շանթի գործոնը ֆիլմի հաջողության հարցում»,-ասաց նա:

«Սիմոնի ճամփան» կինոնկարը արժանացել է Հայկական կինոակադեմիայի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար մրցանակին:

1993-ից ի վեր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է: Երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, իրար կապող ճանապարհներ և երկաթուղի, ուստի տնտեսական հարաբերություններ գրեթե չկան: Ազգականներն ապրում են ամուր փակված սահմանների երկու կողմում. նրանց բաժանող վիհը դժվարացնում է հաղորդակցությունը:Մեռնող պապին տեսնելու համարերեք հարյուր մետր կտրելու փոխարեն Սիմոնը ստիպված է գրեթե 11 հազար կիլոմետր անցնել: Սիմոնի ճամփան տրագիկոմիկական պատմություն է մարդկանց ճակատագրի վրա քաղաքականության թողած ներգործության մասին:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում