Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամերկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, զրույցի հիմնական թեման եղել են առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու ընտրական գործընթացի հետ կապված հարցերը: Հանրապետության նախագահի խոսքով, Հայաստանի կյանքում բավականին պատասխանատու ժամանակահատված է. ընտրական գործընթացը թեւակոխել է եզրափակիչ փուլ: Երկրի ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծել է կառավարության վճռականությունը միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու գործում: Նշելով, որ նախընտրական շրջանը բավականին հանգիստ եւ քաղաքակիրթ ընթացք ունի, Ռոբերտ Քոչարյանն այստեղ կարեւորել է իշխանությունների եւ մասնակից հիմնական քաղաքական ուժերի դերը: Նախագահը ցանկություն է հայտնել լսել դիվանագետների տեսակետներն ու նկատառումները ընտրական գործընթացների վերաբերյալ: Դիվանագետներն այս ընտրությունները գնահատել են որոշիչ քայլ ժողովրդավարական Հայաստանի զարգացման ճանապարհին: Նրանց կարծիքով, մեր երկիրն արդեն իսկ լուրջ առաջընթաց է գրանցել ազատ եւ արդար ընտրությունների անցկացման ուղղությամբ, որն իր արտացոլումն է գտել դիտորդական առաքելությունների զեկույցներում: Օտարերկրյա դիվանագետների խոսքով, բոլոր մասնակիցների համար ստեղծված են ընտրողների հետ հանդիպելու, իրենց ծրագրերն ու տեսակետները ներկայացնելու, հեռուստաեթերից օգտվելու լայն հնարավորություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում