ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ մարզպետների հետ ունեցած հանդիպմանըքննարկել է ԱԺ ընտրությունների նախապատրաստման ընթացքը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայիսի 12-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների նախապատրաստման ընթացքն է քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ մարզպետների հետ այսօր ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ տարածքային կառավարման նախարարը, Երեւանի փոխքաղաքապետը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է ընտրություններին նախորդող օրերին եւ բուն ընտրության օրը պետական բոլոր մարմինների բնականոն գործունեության ապահովումը, ինչպես նաեւ` տեղամասային հանձնաժողովների ձեւավորման գործում աջակցության ցուցաբերումը: Նախագահն ընդգծել է ընտրություններն ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը եւ ասել, որ խախտումները պատժվելու են: